Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/368

Այս էջը հաստատված է

և մյուս ազնվականների ազատությունը, որոնց գերի էր տարել Շապուհը Զարեհավանի կոտորածից հետո, և որոնք Մուշեղի հաղթությամբ փրկություն գտան։ Այդ գերիների թվում կային շատ իշխանազն կանայք, օրիորդներ, պատանիներ, որոնց պետք է վարեին Պարսկաստան։

Մի քանի շաբաթ անցել էր այն օրից, որ Մուշեղը հաղթական փառքով մտավ Արտագերսի ամրոցը։ Գիշեր էր։ Բերդի մեջ ամենքը քնած էին, ամեն շարժում դադարել էր։ Անքուն էր միայն բերդի թագուհին-Փառանձեմը։ Արքայական ապարանքի սենյակներից մեկում միայնակ նստած էր նա, իսկ նրա մոտ՝ խորին մտախոհության մեջ՝ կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը։ Սպարապետի այրական դեմքը այս գիշեր չէր ցույց տալիս այն սովորական զվարթությունը, որ հատուկ էր նրա զինվորական ամուր բնավորությանը։ Մտախոհ էր և թագուհին։ Նա գտնվում էր յուր գիշերային զգեստի մեջ, որ յուր պարզությամբ մի առանձին վայելչություն էր ընծայում նրա շնորհալի իրանին։ Գլուխը հերարձակ էր, առանց որևէ զարդի, հոլանի բազուկները միայն կրում էին մի զույգ ոսկյա ապարանջաններ, որոնց ուրախ փայլը ամենևին չէր համապատասխանում տիկնոջ մռայլված դեմքին։ Պղնձյա բարձր աշտանակի վրա վառվում էր արծաթյա ճրագը, և տարածում էր յուր շուրջը խիստ թախծալի լուսավորություն։ Թախծալի էր և թագուհին, որը երբեմն վեր էր առնում մի բաց նամակ, նայում էր, և կրկին դնում էր յուր բազմոցի վրա, թեև մի քանի անգամ կարդացել էր այդ նամակը, որ նոր էր ստացել Բյուզանդիայից։

- Մեր գործերի այժմյան խառն դրության ժամանակ, Բյուզանդական կայսրության մեջ կատարված այդ փոփոխությունները ես բավական նպաստավոր եմ համարում մեզ համար, Մուշեղ,-դարձավ նա դեպի սպարապետը։-Անիծյալ Վաղեսը մեռել է իրան արժանի չարամահ վախճանով, նրա տեղ այժմ կայսր է դարձել առաքինի Թեոդոսը։ Եվ տարակույս չունեմ, որ նա մեզ հետ չավ հարաբերություններ կսկսե։

- Ես նույնպես տարակույս չունեմ...-պատասխանեց սպարապետը անվճռական ձայնով։

Թագուհին շարունակեց.

-Մեզ հարկավոր է հռոմեական դաշնակցություն, Մուշեղ։ Մենք մեր սեփական ուժերով, իրավ է, պաշպանվել կարող ենք, բայց մեր երկիրը թշնամուց իսպառ մաքրել՝ հազիվ թե։ Մենք կարոտ ենք դրսի ուժերի և մի լավ դաշնակցի։