Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/37

Այս էջը սրբագրված է

Սպասավորը պատրաստվում էր նախաճաշիկ մատուցանել։ Այդ միջոցին դռները բացվեցան, ներս մտավ մի մարդ, որ խորին կերպով գլուխ տալով, լուռ կանգնած մնաց ոտքերի վրա։ Նրա լերկ, անմորուս երեսից, որ պատած էր վաղահաս կնճիռներով, նրա հանգած, նեղ աչքերից, որ սեղմված էին կարմիր կոպերի մեջ՝ առանց թերթերունքների և, վերջապես, նրա դեղին ատամներից, որ դուրս էին ցցված անգույն շրթունքների միջից, իսկույն երևում էր, որ այդ մարդը ներքինի է։

— Ի՞նչ կա,— հարցրեց իշխանը։

Ներքինին կրկին անգամ գլուխ տվեց, ասելով.

— Տիկինը հրամայեց հայտնել իմ տիրոջը, որ շնորհ բերե նրա մոտ։

Իշխանը ամբողջ մարմնով ցնցվեցավ, բայց զսպելով յուր տհաճությունը, պատասխանեց.

— Լավ, ասա, որ կգամ։

Ներքինին դարձյալ գլուխ տվեց և հեռացավ։

Պատանի Հուսիկը մի առանձին զզվանքով նայեց նրա ետևից, և, աջ ձեռքի մատները լայն բաց անելով, «մըճիկ հանեց»։ Այդ նկատեց իշխանը։

— Դու ե՞րբ պետք է խելոքանաս, Հուսիկ,— հանդիմանեց նրան։

— Ճշմարիտ, սուտ չեմ ասում,— պատասխանեց պատանին կիսահեգնական և կիսաերգչոտ ձայնով,—երբ առավոտյան այդ մարդու երեսը տեսնում եմ, գիտեմ, որ այն օրը բանս չի հաջողի,անպատճառ կամ մի բան կկոտրեմ, կամ մի բան կվիթեմ, և կամ մի ուրիշ վատ բան կպատահի։

Իշխանը ժպտաց:

Ե

ՄԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

Առավոտյան մառախուղը չքացել էր։ Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր։ Օդի մեջ բուրում էր շրջակա եղևնիների բալասանական խնկահոտությունը։ Ամեն ինչ ժպտում էր, ամեն ինչ ուրախություն էր շնչում, միայն Սամվելի սիրտը լցված էր խորին, անմխիթար տրտմությամբ։