Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/370

Այս էջը սրբագրված է

«պատրկաց պատրիկի» բարձր աստիճանը, նկարագրում էր յուր որդի Բաբիկի քաջագործությունները կրկեսների մրցությունների մեջ, մեծ ուրախությամբ ավելացնելով, որ թե կայսրը և թե յուր ավագանին բոլորովին հիացած են նրա ճարպկություններով։ Նախագուշակում էր որդու համար փայլուն հառաջադիմություններ հռովմայեցոց ծառայության մեջ և այլն։

— Ինչպես երևում է, հայրս այդ նամակը շատ շտապով է գրել,— նկատեց տիկինը։— Ոչինչ չէ գրում Ներսեսի մասին. արդյոք վերադարձե՞լ է նա աքսորից, թե տակավին աքսորանքի մեջ է գտնվում։

Տիկնոջ տարակուսանքը հայոց քահանայապետ Ներսես Մեծի մասին էր։

— Ես կարծում եմ, որ նորընտիր կայսրը նրան չի թողնի աքսորանքի մեջ, — ասաց սպարապետը։— Թեոդոսը հայտնի է որպես մի բարեպաշտ մարդ։ Նա անպատճառ Վաղեսի աքսորած բոլոր հոգևորականներին կազատե իրանց դատապարտությունից։ Հարկավ, նրանց հետ և Ներսեսը ազատված կլինի։

— Ես էլ նույն կարծիքին եմ,— ասաց տիկինը խորին համոզմունքով,— մանավանդ, որ Թեոդոսը առաջուց ճանաչում է Ներսեսին և սաստիկ հարգում է նրան։ Բոլոր պարագաները նպաստավոր են, Մուշեղ։ Հայրս այնտեղ է և մեծ փառք է վայելում կայսրի մոտ. եղբայրս այնտեղ է և մեծ հռչակ է ստացել։ Այնտեղ է և Ներսեսը, որ վայելում է կայսրի առանձին համակրությունը։ Դու պետք է գնաս Բյուզանդիա, Մուշեղ, դու պետք է տանես իմ խնդակցության նամակը կայսրին, նրա գահակալության համար։ Եվ այնտեղ, իմ հոր և Ներսեսի հետ, պետք է միջնորդես, որ իմ որդուն ուղարկե՝ հայոց թափուր մնացած գահը ժառանգելու։

— Ես կգնամ, տիկին, և մեծ հույս ունեմ, որ ինձ կհաջողվի ի կատար ածել քո սրտագին բաղձանքները։ Բայց ինձ անհանգստացնում է այն միտքը, թե ի՜նչ կլինի իմ բացակայության ժամանակ,..

Սպարապետի հարցմունքը զգալի կերպով վիրավորեց տիկնոջ ինքնասիրությունը, և նա բավական գրգռված ձայնով պատասխանեց.

— Դու կարծում ես, Մուշե՛ղ, որ քո բացակայության ժամանակ ես չպիտի՞ կարողանամ պահպանել Հայոց երկիրը։ — Ես այդ չեմ կարծում, — ասաց սպարապետը սառն կերպով,— ես մեծ հավատ ունեմ քո խելքի և քո քաջասրտության