Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/371

Այս էջը սրբագրված է

վրա, տիկին։ Բայց մի քանի նոր հանգամանքներ, որոնք, երևի, քեզ հայտնի չեն, պետք է սաստիկ դժվարացնեն մեր աշխարհի գործերը։ Որմիզդուխտի մեր ձեռքը գերի ընկնելուց հետո, Մերուժանի կատաղությունը անցել է ամեն չափից։ Ես հաստատ տեղեկություններ ունեմ, որ նա, չբավականանալով յուր հրամանի ներքո գտնված պարսկական նշանավոր ուժերով, աշխատել է յուր կողմը ձգել Աղվանից Ուռնայր արքային և Լեկաց Շերգիլ արքային։ Պարսից զորքերը յուր ձեռքում ունենալուց հետո, երբ նա կմիանա այդ երկու կիսավայրենի թագավորների հետ, կարող է այնուհետև շատ վնասներ հասցնել մեր աշխարհին։ Հեռավոր թշնամին, որպիսին է պարսիկը, այնքան վտանգավոր չէ կարող լինել, որքան դրացին։ Իսկ աղվանները և լեկերը մեր ամենամերձավոր դրացիներն են։ Եթե ուրիշ ոչինչ գրավիչ պատճառներ ևս չունենան նրանք, ավարառության և հափշտակասիրության փափագը բավական է, որ հրապուրե այդ գազանաբարո լեռնականներին՝ հեղեղելու մեր երկրի սահմանները։

Տիկնոջ գեղեցիկ աչքերը դարձյալ վառվեցան բարկության բոցով։ Նա պատասխանեց սպառնալի ձայնով.

— Եթե Մերուժանը կհամարձակվի մի այդպիսի անիրավ քայլ անել, ես իսկույն Որմիզդուխտին կախ կտամ Արտագերսի պարիսպներից։

— Դրանով, տիկին, դու ավելի կկատաղեցնես նրան։ Որմիզդուխտին, ընդհակառակն, պետք է կենդանի պահել, Մերուժանին միշտ այն երկյուղի մեջ պահելու համար, որ եթե նա չչափավորե յուր վայրագությունը, անպատճառ յուր սիրած օրիորդի կյանքը վտանգի կենթարկե։

Տիկինը ոչինչ չպատասխանեց։ Նա սաստիկ զայրանում էր, երբ նրա հետ վիճաբանում էին։ Իսկ այժմ, թաքցնելով յուր վրդովմունքը, մի քանի րոպե լուռ նայում էր արծաթյա ճրագի վրա, կարծես նրա մռայլ լուսավորության մեջն էր որոնում յուր մռայլված և խառնաշփոթ մտածությունների պարզվիլը։

Նա մտածեց փոքր-ինչ զգալ տալ սպարապետին, որ նա շրջապատող հանգամանքների բոլոր կողմերը ճշտիվ կշռել չգիտե, և թե կատարվում են խիստ նշանավոր անցքեր, որոնց մասին տեղեկություն չունի, թեև, իբրև պետական ամենաբարձր անձնավորություն, պետք է նա ամենից առաջ գիտենար։

— Ես Մերուժանի կովկասյան լեռնաբնակների և Աղվանից