Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/373

Այս էջը սրբագրված է

րազատ եղբայրը, որ Պարսկաստանում գտնված հայկական հեծելազորքի զորավարն էր։ Գրում էր Մուշեղին, թե Շապուհի անձամբ արշավելը Հայաստան՝ իրան ևս սաստիկ հոգսերի մեջ էր դրել․ օր ու գիշեր մտածում էր, մի հնար գտնել՝ այդ գազանին հեռացնելու Հայոց երկրից։ Վերջապես, երկար աշխատություններից հետո, կարողացավ հավատարիմ անձանց միջոցով քուշանների արքային գրգռել պարսից դեմ, հասկացնելով նրան, թե բարեպատեհ ժամանակ է Պարսկաստանի վրա հարձակվելու, որովհետև Շապուհը յուր բոլոր զորքերով գնացել էր Հայաստան, և երկիրը մնացել է անպաշտպան։ Այսպիսով հասավ յուր նպատակին։ Քուշանները սկսեցին ասպատակել պարսից հյուսիս-արևելյան սահմանները։ Այդ լսելով, Շապուհը թողեց Հայոց երկիրը և շտապեց դեպի պարսից վաղեմի թշնամին։ Այժմ նա գունդեր է կազմում, զորք է հավաքում, որ գնա քուշանների դեմ։ Եվ ինքը, Մանվելը, յուր հայկական հեծելազորքով պիտի մասնակցե Շապուհի արշավանքին։ Յուր ներկայությունը պարսից բանակի մեջ՝ միջոց կտա իրան՝ պարբերաբար հաղորդել թշնամուն պարսից բոլոր թույլ կողմերը, և, հետևապես, գործը այնպես տանել, որ պարսիկները ամեն ճակատամարտում հաղթված լինեն։ Հույս ունի, որ Շապուհի բոլոր զորքերը ջարդել կտա Խորասանի անապատներում և, գուցե, իրան Շապուհին ևս նրանց հետ ի կորուստ կմատնե... Նամակի վերջում ավելացնում էր, թե ինքը ամեն հնար գործ կդնե որքան կարելի է, երկարաձգել պատերազմը, որպեսզի Շապուհը այդ կռիվներում զբաղված լինի, իսկ Հայաստանում ժամանակ գտնեն իրանց գործերը կարգի դնելու։ Հետո շնորհակալություն էր հայտնում յուր եղբորը, Մուշեղին, գրելով․ «Հայոց տառապանքները որքան քեզ, նույնքան և ինձ համար ցավալի էին, սիրելի եղբայր։ Գովում եմ քո սրամտությունը, միևնույն ժամանակ, և քո հեռատեսությունը, որ այդ խորհուրդը տվեցիր ինձ։ Ուրիշ ավելի նպատակահարմար միջոց չէր կարելի գտնել՝ Շապուհի ներգործությունը, գոնե առժամանակ, հեռացնելու մեր աշխարհից, քան թե այդ, որ բոլորովին պիտի կլանե թե նրա ժամանակը և թե նրա ուժերը։ Շնորհակալ եմ, Մուշեղ, այդ միտքը քեզ է պատկանում․․․»։

— Ուրեմն դո՞ւ ես տվել Մանվելին այդ միտքը,— հարցրեց տիկինը նամակը կարդալուց հետո։

— Այո՛, ես եմ տվել,— պատասխանեց սպարապետը ցած ձայնով։

— Ե՞րբ։