Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/374

Այս էջը սրբագրված է

— Հենց այն ժամանակ, երբ Շապուհը յուր զորքերի բազմությամբ ոտք դրեց մեր հողի վրա։

— Ինչո՞ւ մինչև այսօր չես հայտնել ինձ։

— Դու գիտես, տիկին, որ ես սովորություն չունեմ՝ դեռ չկատարած գործերիս մասին կանխապես խոսել։ Ես սպասում էի տեսնել, թե ի՛նչ արդյունք կունենա իմ հղացած խորհուրդը։

— Արդյունքը անհամեմատ գեղեցի՜կ է, Մուշեղ,— պատասխանեց տիկինը, և նրա թախծալի դեմքը փայլեց անսահման ուրախությամբ։— Մի ավելի, քան թե այդ՝ նպատակահարմար արդյունք՝ ավելորդ կլիներ պահանջել։ Թե՛ քո, Մուշեղ և թե՛ քո քաջ եղբոր՝ Մանվելի ջանքերը ամենայն գովության արժանի են։

Սպարապետը համեստությամբ գլուխը խոնարհեցրեց, չէր նայում ոգևորված տիկնոջ վրա, որ այդ րոպեում հրճվում էր խորին, սրտապարար երջանկության մեջ։ Դժբա՜խտ եղավ նա որպես ամուսին, դմբա՜խտ եղավ նա որպես մայր։ Դեռ պատանեկության հասակում սիրելի որդուն բաժանեցին նրանից և, իբրև պատանդ, տարան բյուզանդական արքունիքը։ Իսկ այժմ բախտավոր էր համարում իրան որպես թագուհի, որպես մի տառապյալ երկրի տեր և իշխան, որի մոտալուտ փրկությունը ուրախացնում էր նրան։

— Ես այժմ կատարյալ մխիթարված եմ համարում ինձ, սիրելի Մուշեղ,— դարձավ նա դեպի սպարապետը զգացված ձայնով,— ես այժմ բոլորովին հավատում եմ, որ Հայոց աշխարհը անտեր չէ։ Բախտավո՜ր է այն աշխարհը, երբ ձեզ նման զավակներ ունի։ Քո այդ հաղթությունը, սիրելի Մուշեղ, ես ավելի գերազանց եմ համարում այն փայլուն հաղթությունից, որ դու մի քանի շաբաթ առաջ կատարեցիր Թավրիզի պարիսպների մոտ։ Նա սրի և բազկի հաղթություն էր, իսկ դա խելքի և ռազմական հնարագիտության հաղթություն է։ Դու առանց զենքի՝ հեռացրիր վայրագ թշնամուն մեր երկրից, նրա դեմ մի այլ թշնամի դուրս բերելով։ Եվ մենք նրա բացակայությունից պետք է օգուտ քաղենք, պետք է շտապենք՝ շուտով կարգի դնել մեր գործերը։ Պարագաները զարմանալի կերպով ներդաշնակվում են միմյանց հետ։ Եվ ես ամենակարողի աջն եմ տեսնում այդ բոլորի մեջ։ Նույն ժամանակ, երբ Պարսկաստանում Շապուհը զբաղվում է քուշանների պատերազմով, Բյուզանդական կայսրության մեջ մեռնում է անիծյալ Վաղեսը, և մենք միաժամանակ ազատվում ենք մեր երկու անիրավ թշնամիներից։ Հանգամանքները ավելի ևս նպաստում են մեզ, և Վաղեսի փոխարեն կայսր է դառնում մեր բարեկամ Թեո