Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/376

Այս էջը սրբագրված է

լինենք Մերուժանին, նա պատրաստ է բոլորովին զինաթափ լինել և, գալով իմ ոտքը, զղջալ իր չարագործությունները։ Միևնույն ժամանակ սպառնում էր նա, եթե Որմիզդուխտին հանձնելու չլինենք, նա մեր նախարարների բոլոր տիկիններին և օրիորդներին, որոնք յուր ձեռքումն են, կախ կտա նույն ամրոցների աշտարակներից, ուր պահվում են նրանք՝ պարսիկ բերդակալների հսկողության ներքո։ Ես, իհարկե, չհավատացի Մերուժանի ո՛չ զղջմանը, ո՛չ խոստմունքներին, և խստությամբ պատասխանեցի նրա պատգամավորներին, ասելով, եթե նրա ձեռքում գտնված գերիների գլխից մի մազ անգամ պակասելու լինի, նա Որմիզդուխտի մարմինը Արտագերսի պարիսպներից կախված կտեսնե։ Այդ խոսքերը լսեցին պատգամավորները և գնացին։ Այնուհետև Մերուժանը լուռ կացավ և ոչինչ չգործեց։

— Բայց նրա լռությունը ավելի վտանգավոր է, քան թե նրա գործողությունը...

— Այդ կթողնենք աստուծո տնօրինությանը, սիրելի Մուշեղ, մեզ հարկավոր է այժմ քո ճանապարհորդության մասին մտածել, որ մեր բոլոր հոգսերից ամենակարևորն է։

Կատարված իրողությունները, իրավ է, խիստ բարեպատեհ էին։ Բյուզանդական գահը ժառանգել էր հայոց բարեկամ մի կայսր, որի հետ կարելի էր ամեն տեսակ նպատակահարմար դաշնակցություններ կապել։ Իսկ պարսից թագավորը խառնված էր նոր պատերազմներով, որ կարող էին երկար ժամանակ նրա ուշադրությունը հեռացնել Հայաստանից։ Բայց Հայաստանում տակավին բույն էր դրել ընտանի օձը — Մերուժանը — որի գլուխը պետք էր ջախջախել, որպեսզի երկիրը կատարյալ խաղաղություն ստանար։ Այդ միտքն էր, որ անհանգստացնում էր Մուշեղին։

Թավրիզի հաղթությունից հետո, նա դիտավորություն ուներ հարձակվել Մերուժանի վրա, և մինչդեռ այդ արշավանքի ծրագրի մասին էր խորհում, հանկարծ թագուհին առարկում էր նրան՝ գնալ Բյուզանդիա։ Նրան խիստ ծանր էր, ներքին թշնամին տան մեջ թողնելով, հեռանալ տնից։

Մերուժանը հեշտ կերպով ընկճվող մարդիկներից չէր։ Թե նրա քաջության և թե հաստատամտության մասին մեծ համարում ուներ սպարապետը։ Այդ էր պատճառը, որ յուր բացակայության ժամանակ՝ նրա առջևը դնելու համար՝ մի հավասարակշռող մարդ չէր գտնում սպարապետը։ Նա ուներ, արդարև, հայոց իշխաններից շատ քաջ և անձնանվեր պատերազմողներ, բայց նրան