Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/377

Այս էջը սրբագրված է

պակաս էին այնպիսիները, որ Արծրունյաց հնարագետ իշխանի ռազ մական ճարպկություններն ունենային:

Սամվելին դեռ շատ անփորձ էր համարում նա։ Այդ ոգելից երիտասարդին սիրում էր նա՝ որպես մի ազնիվ, փափկասիրտ փարոս, որի մեջ արիական ջերմության հետ միացած էր քնքուշ զգացմունքների կրակը: Նա կարող էր լավ զորապետ լինել, բայց չէր կարող լավ զորավար լինել։ Ուրիշ ոչ ոքի վրա վստահություն չուներ նա: Ուրեմն ո՛վ պետք է պահպաներ երկիրը, ո՛վ պետք է մաքառեր ներքին թշնամու հետ:

Այդ հոգսերը, նրա բացակայության միջոցում, յուր վրա էր ընդունում հայոց թագուհին: Բայց միթե կարելի՞ էր հավատալ այդ քերով լի կնոջը, որի մեջ ամեն հատկություններ անզուսպ ծայրահեղության էին հասնում։ Նրա մեծամտությունը և վերին աստիճանի ինքնավստահությունը կարող էին շատ բան փչացնել:

Նա ընդդեմ չէր Բյուզանդիա գնալու խորհրդին, բայց ցանկանում էր, որ յուր երթը կատարվի երկիրը թշնամուց բոլորովին մաքրելուց հետո, որպեսզի, հայոց թագաժառանգը գալուց հետո՝ նոր խռովությունների չհանդիպի: Եվ նրա կարծիքով քանի դեռ Մերուժանը կենդանի էր, այդ խռովությունները չէին պակսի, որովհետև պարսից արքայից արքան նրան էր խոստացել հայոց գահը։

Դեռ այդ տխուր տարակուսանքների մեջ էր սպարապետը, որ նա, թեև ակամա, հանձն առեց թագուհու առաջարկությունը և վերկացավ։ Թագուհին խորին գոհունակությամբ մեկնեց նրան յուր աջը, որը երկու ձեռքով բռնեց նա, նախ սեղմեց յուր շրթունքներին, և ապա տարավ դեպի ճակատը։ Դա մի մեծ շնորհ էր կնոջ կողմից դեպի յուր հավատարիմ և անձնանվեր սպարապետը։

— Դու առավոտյան դարձյալ կգա՞ս ինձ մոտ,— հարցրեց նա առանձին սիրելությամբ։

— Կգամ, տիկին,— պատասխանեց սպարապետը։— Մենք բոլորովին չվերջացրինք մեր խոսակցությունը։

— Մնում է միայն խոսել այն բանի վրա, թե ի՞նչ կարգադրություններ պետք է լինեն քո գնալուց հետո: Այդ կխոսենք առավոտյան։

Սպարապետը գլուխ տվեց և դուրս եկավ սենյակից։ Պալատական սպասավորները առաջնորդեցին նրան մինչև ապարանքի դուռը, ուր պահել էին նրա ձին և սպասում էին նրա ծառաները։