Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/381

Այս էջը սրբագրված է

պատգամավորները սպասում էիև, մինչև վերադարձավ նա յուր մայրաքաղաքը։

Թեև Մուշեղ Մամիկոնյանը և յուր հետ եղած ավագանին շատ փառավոր ընդունելության արժանացան Թեոդոսից, բայց դարձյալ նրանց խնդիրքը երկար մնաց անկատար, որովհետև նորընտիր կայսրը ա՛յն աստիճան խառնված էր յուր ներքին գործերով, որ ամենևին ժամանակ չուներ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու, մանավանդ հայոց գործով, որ պիտի հարուցաներ նրա դեմ, անտարակույս, մի նոր պատերազմ, այն ևս պարսկական նը պատերազմ: Այդ էր պատճառը, որ նա միշտ հետաձգում էր հայոց պատգամավորների գործը։

Նրա նախորդը, հալածասեր Վաղեսը, ուրիշ շատ հոգսերի հետ թողել էր նրան և կրոնական մեծ խնդիրը, որ այդ ժամանակ հռովմեական ամբողջ կայսրությունը ալեկոծման մեջ էր պահել: Թեոդոսը պետք է վերադարձներ Վաղեսի աքսորած բարձրաստիճան հոգևորականներին, և պետք է կռվեր բազմաթիվ աղանդների դեմ, որոնք Վաղեսի պաշտպանությամբ սաստիկ աճել և զորացել էին: Մայրաքաղաքում անդադար ժողովներ էին կազմվում, որոնց երբեմն ինքը կայսրը անձամբ ներկա էր գտնվում։

Երբ այստեղ զբաղված էին կրոնական ապարդյուն վիճաբանություններով, այնտեղ, Հայաստանում, Մերուժան Արծրունին ավելի և ավելի սաստկացնում էր Արտագերսի պաշարումը։ Իսկ հայոց թագուհին մեծ անհամբերությամբ սպասում էր յուր որդուն և կայսրի լեգեոններին...

Կայսրի խոստմունքների համեմատ, Բյուզանդիայից ստեպ սուրհանդակներ էին ուղարկվում, որոնք գալիս էին և, բերդի գաղտնի անցքերով մտնելով, ներկայանում էին թագուհուն, և միշտ միևնույն լուրերն էին բերում, թե «մի փոքր ևս սպասիր, մի փոքր ևս դիմացիր, և ահա՛ կգա քո որդին, յուր հետ բերելով հռովմեական զորությունները...»։

Եվ թագուհին ամենայն անձկությամբ սպասում էր... և ամենայն եռանդով ընդդիմանում էր... Սպասում էր և նրա հետ գտնված բազմությունը...

Ամբողջ տասնևերեք ամիս սպասեց նա, ամբողջ տասնևերեք ամիս քաջությամբ ընդդիմացավ նա։ Ո՛չ Մերուժանի վայրագությունը և ո՛չ պարսկական զորքերի կատաղությունը չկարողացան ազդել Արտագերսի անմատչելի ամրությունների վրա։ Բայց ազդեց երկնքի պատուհասը...