Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/382

Այս էջը սրբագրված է

Տասնևչորսերորդ ամսում հայտնվեցավ մի նոր և ավելի կատաղի թշնամի, որի հետ այլևս հնար չկար մարտնչելու։ Դա էր սոսկալի ժանտախտը։ Անողորմ կերպով սկսեց կոտորել պաշարյալներին։ Ամեն օր մի քանի հարյուր հոգի մեռնում էին։ Մի անգամ թագուհու սեղանի մոտ, ճաշելու միջոցին, մեռան հինգ հարյուր հոգի։ Մահվան տագնապը խանգարեց ամրոցի ընդհանուր կարգը։ Ամեն ոք յուր կյանքի մասին էր մտածում ։ Թեև այդ անագորույն ախտի հենց հայտնվելու սկզբում՝ թագուհին հայտնեց բոլորին, թե ով ցանկանում է, կարող է թողնել և հեռանալ, բայց ոչ ոք չցանկացավ բաժանվել նրանից։ Ամենքը ուխտել էին մնալ նրա մոտ, և մեռնել նրա ոտքերի մոտ։ Բերդի խորքերում փախուստի համար շատ գաղտնի ճանապարհներ կային, բայց ոչ ոք օգուտ չքաղեց այդ ճանապարհներից։ Իրանց սիրելի թագուհուն հավատարիմ մնացած բազմության մեջ՝ անձնազոհության իղձը ավելի սաստիկ էր, քան թե ճարակող մահվան կատաղությունը։ Ժամանակ չէին գտնում դիակները թաղելու։ Կենդանի մարդիկ թաղման միջոցում՝ իրանք ևս ընկնում էին դիակների մոտ։ Ամեն ոք կանխապես փորում էր յուր գերեզմանը։ Ամեն ոք գիտեր, որ վաղը, և գուցե մի քանի րոպեից հետո, կարող է այլևս չլինել...

Բայց բերդի դրսում դեռ չգիտեին, թե ներսում ի՛նչ է կատարվում։ Պաշարյալները և՛ մեռնում էին, և՛ պատրաստվում էին մեռնելու համար, և՛, միևնույն ժամանակ, կռվում էին արտաքին թշնամու հետ։

Ժանտախտի հետ համարյա զուգընթաց կերպով սկսվեցավ և սովը։ Սովը գերազանցեց ժանտախտին։ Սովը մոռանալ տվեց ժանտախտի ահռելիությունը։ Հեշտ էր մեռնել, բայց շատ դժվար էր կենդանի մարդուն քաղցի կատաղության հետ մաքառել։

Բերդի պաշարման տասնևերեք ամիսների ընթացքում՝ նրա մեջ խմբված ահագին բազմությունը սպառեց բոլոր ամբարները։ Տասնևչորսերորդ ամսում այլևս ոչինչ չէին գտնում ուտելու։ Բերդում ո՛չ շուն մնաց, ո՛չ կատու և ո՛չ մի այլ չորքոտանի, բոլորը կերան։ Ազատանի կանայք երկանաքարը առջևում դրած, ոսկորներ էին աղում և բաժանում էին սովյալներին, որոնք փոխնդի նման ուտում էին։ Ինքը թագուհին՝ կոշիկների և տրեխների կաշիներից՝ յուր ձեռքով ապուր էր եփում, և բաժանում էր սովյալներին։ Դրանք ևս սպառվեցան։ Սպառվեցան նաև բերդի ապառաժների վրա բուսած մացառները, որ ավելի փութացնում էին մահացությունը, քան թե կշտացնում էին։ Օրհասական տագնապը այն աստիճան կատարելության