Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/387

Այս էջը սրբագրված է

թուրը, որ քարշ էր գալիս գետնով, և նա ձեռքով բռնել էր, որպեսի ձայն չհանե։ Իսկ ազդրի վրա, հագուստի ներքո, թաքցրած էր երկսայրի նրանը։ Գիշերային խավարը բարեբախտաբար սքողել էր նրա ահռելի, ծաղկահար դեմքը, որի աղյուսագույն կաշին ծակտիքավոր սպունգի նմանություն ուներ։ Քոսակ և սաստիկ զարգացած ծնոտների վրա դուրս էին ցցված մի քանի մաղեր միայն։ Աչքերի մեջ վառվում էր կատաղություն, որ խառն էր նրա ինքնաբավական, դիվական հրճվանքի հետ։

Նա հեռվից տեսավ թագուհուն, ջահր ձեռին, և ճանաչեց։ Այդ միջոցին նրա ահռելի դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ, և ուռած շրթունքները արտասանեցին մի նույնպիսի դառն անեծք... Նա կանգ առեց, խավարի մեջ սպասեց, մինչև թագուհին հեռացավ։ Հետո սկսեց գաղտագողի կերպով հետևել նրան։

Ամրոցի խորին դատարկությունը, դիակների խառնափնթոր կույտերը և շրջակայքի ընդհանուր լռությունը, որ ամեն մի փոքր ի շատե զգացմունք ունեցող մարդուն կարող էին սարսափ և սոսկում ազդել, ընդհակառակն, հարուցանում էին այդ հրեշի մեջ թե՛ ուրախություն և թե՛ զարմացում։ Ուրախանում էր, որ այդ թշվառ դրության մեջ էր գտնում ամրոցը, զարմանում էր, որովհետև նրան դեռ պարզ չէ, թե ի՞նչ դժբախտ պատահարներից պետք է առաջ եկած լիներ այդ հանկարծակի ավերմունքը, որը ամենևին չէր սպասում։ Նրան այնպես էր թվում, թե վրեժխնդրության աստուծո անողոք բարկությունը մի քանի վայրկյանում ոչնչացրել և մոխիր էր դարձրել ամեն ինչ, թեև դեռ կանգնած էին հզոր պարիսպները, թեև դեռ գիշերային խավարի մեջ աղոտ կերպով նշմարվում էին սպառնալի աշտարակները։ Բայց մարդիկ չէր տեսնում, և այդ էր, որ նրա անգութ սիրտը լցնում էր անսահման բավականությամբ։

Չկորցնելով թագուհուն յուր հետախույզ տեսությունից, նա, միևնույն ժամանակ, ուշադրությամբ աչք էր ածում յուր շուրջը։ Նրան հանդիպում էին դիակներ միայն։ Եվ ամեն անդամ, երբ այդ սառն և անշունչ մարմինները խոչընդոտ էին դառնում նրա զգույշ քայլերին, և երբ խավարի մեջ մատներով շոշափում էր նրանց, մի առանձին զվարճություն էր զգում։ Նա այնքան սպասեց, մինչև թագուհին, ավարտելով յուր գործը, դիմեց դեպի արքայական ապարանքը։ Այդ միջոցին նա սկսեց շրջել բերդի ամեն կողմերում, որպեսզի լավ ծանոթանա նրա դրության հետ, որը տակավին յուր համար երկբայական էր։ Խորին ուշադրությամբ հետա