Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/39

Այս էջը սրբագրված է

ժամանակ կարող էր այնտեղ պատսպարվել շրջակա գյուղացիների մեծ մասը։ Այդ կետից, Ողականը ավելի մի բերդ էր, քան թե ամրոց: Դեպի ամեն կողմ, ուր որ նայում էիր, տիրապետում էր ոչ այնքան նրբություն և գեղեցկություն, որքան պարզություն և անխորտակելի ամրություն։ Նա ուներ այնքան շատ բաժանմունքներ, որքան շատ պետքերի էր ծառայում։ Սամվելն անցնում էր այն բաժանմունքի բակով, որտեղ զետեղված էր կանանոցը։

                                                                                                                                                                                Մի  քանի րոպե կանգ առեց նա, խոսում էր եղջերվի ձագի հետ խաղացող եղբոր հետ։ Գեղեցիկ երեխան ուրախանալով ցույց էր տալիս, թե որքան աճել էին «սիրունիկի» եղջյուրները: Այդ միջոցին մանկահասակ աղախինները շրջապատեցին նրան։ Մի սևաչյա օրիորդ մինչև անգամ համարձակվեցավ ձեռքը մեկնել և ուղղել նրա պատմուճանի օձիքը։

— Շնորհակալ եմ, Նվարդ,— ասաց իշխանը ժպտալով,— իմ Հուսիկը շատ անշնորհք է, չգիտե լավ հագցնել յուր տիրոջը։

— Այո՛, անշնորհք է... տեր իմ,— կրկնեց օրիորդը և ամոթխածությունից նրա գունատ թշերը ներկվեցան վարդի գույնով։

Դա նույն աղջիկն էր, որին սիրում էր պատանի Հուսիկը։

Մի քանի րոպե ևս Սամվելը զբաղված էր յուր եղբորով, նրա սիրուն եղջերվով, և լսում էր ուրախ, անհոգ օրիորդների հանաքները։ Դրանով աշխատում էր ժամանակ վաստակել, որպեսզի լավ որոշե յուր խաղալու դերը մոր մոտ։

Այդ միջոցին կանանոցի շքեղ դահլիճներից մեկում, մի կին կանգնած էր մետաղյա հղկած հայելիի առջև, և ինքն յուր վրա սիրահարվածի նման, նայում էր, ժպտում էր, և մի առանձին հրճ֊վանքով ուղղում էր գլխի զարդերը։ Արդեն մի քանի անգամ նամոտեցել էր այդ հայելուն և, չհավատալով յուր աչքերին, այդ վեր֊ջին փորձն էր անում, ստուգելու համար, արդյոք այնքան սա՞զ էին գալիս այդ նոր զարդերը, որքան նա կարծում էր։

Նախասենյակում լսելի եղան ոտքի ձայներ։ Նա շտապով թողեց հայելին, անցավ գահավորակի վրա, նստեց և, թիկն տալով թավիշյա բարձերին, լուրջ դեմք ընդունեց։ Նա յուր հասակից ավելի թարմ և անթառամ էր մնացած։ Նրա տարիքը վաղուց մոտեցել էին հիսունին, բայց դեռ մի մանկահասակ հարսի տպավորություն էր գործում։ Եթե գիրությունը և ճարպի անհամեմատ պարարտությունը կոշտացրած չլինեին նրա մարմինն ու դեմքը, նրան կարելի էր մինչև անգամ գեղեցիկ համարել։ Խոշոր աչքերի մեջ վառվում