Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/392

Այս էջը սրբագրված է

— Չեմ ասի... լեզուս չէ բռնում, որ ասեմ...

Երկար թախանձելուց հետո, պատմեց նա, թե ման էր գալիս ապարանքի բակում, տեսնում էր այնտեղ րնկած շատ մարդիկ` այր, կին, ծեր և երեխա։ Ոմանք մեռած էին, ոմանք դեռ մահվան տագնապի մեջ տանջվում էին։ Նրանց թվումն գտավ և թագուհուն, ընկավ նրա դիակի վրա և լաց էր լինում, երկար լաց էր լինում, բայց նա ոչինչ չէր զգում...

— Մեզ պատահած դժբախտությունների դառն տպավորությանց ներքո այսպիսի տխուր երազ ես տեսել, սիրելի Որմիզդուխտ,— մխիթարեց նրան թագուհին։— Մեծ է աստուծո գթությունը, նա մեզ խնայեց մահից, և կպահպանե այսուհետև։ Հանգիստ կաց, սիրելի Որմիզդուխտ, և սիրտդ միշտ ուրախ պահիր:

Տպավորությունները, իրավ, շատ ծանր էին օրիորդի քնքուշ սրտին։ Բացի ամրոցի ընդհանուր մահացությունից, որի սոսկալի աղետներին ականատես եղավ, նա ուներ յուր հետ սպասավորների և աղախինների մի ստվար բազմություն, որոնք նույնպես զոհ եղան մահվան և նրանցից ոչ մեկը չմնաց։ Այգ կորուստը սաստիկ վշտացնում էր նրան և բնավ մոռանալ չէր կարողանում։ Քնի մեջ հաճախ տալիս էր նրանց անունները, և երբ չէին հայտնվում, սկսում էր լաց լինել։ Այդ էր պատճառը, որ վերջին օրերում թագուհին հրամայեց, որ նրա անկողինը պատրաստեն յուր մոտ, յուր քնարանում, որպեսզի այդպիսի դեպքերում հանդըստացնե նրան։

— Հիմա գնանք, սիրելիս — ասաց նրան թագուհին, ձեռքիցը բռնելով և վեր բարձրացնելով։— Գնանք, տեսնենք, Հասմիկը և Շուշանիկը մեզ համար ի՛նչ են պատրաստել ուտելու։

Օրիորդի արտասուքը այժմ ուրախության փոխվեցավ։ Ծիծաղելով վազեց նա, խլեց ճրագը, որ դրած էր պատուհանում և, առաջ ընկնելով, խնդրեց.

— Ճրագը ես կտանեմ, թույլ տուր, մայրիկ, որ ես տանեմ։

Դու ինձ ոչ մի գործ անել չես տալիս։

Վերջին օրերում նա թագուհուն «մայրիկ» էր կոչում։ Թագուհին բարեսրտությամբ ժպտաց և թույլ տվեց, որ ճրագը նա տանե։

Անցնելով մթին սրահների միջով, նրանք մտան սեղանատունը։ Այստեղ երկու նաժիշտները` Հասմիկը ու Շուշանիկը արդեն պատրաստել էին ընթրիքի սեղանը։ Թանկագին սփռոցի վրա դրած էին երկու արծաթյա պնակներ, իսկ նրանց մեջ` երեք խորոված աղավնիներ։ Այլևս ուրիշ ոչինչ չկար։ Հայոց թագուհին և պարսից