Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/393

Այս էջը սրբագրված է

աքայադուստրը մոտեցան այդ աղքատիկ սեղանին և գոհունակությամբ նստեցին։ Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց ասում։ Տեսնելով երեք աղավնիները, թագուհին դարձավ դեպի նաժիշտները, հարցնելով.

— Այսօր քանի՞ հատ որսացիք։

— Չորս հատ,— շտապեց պատասխանել Հասմիկը,— երեքը՝ ես, մեկը՝ Շուշանիկը։

— Դու ամեն գործում այդպես քաջ ես,— ժպտալով նկատեց թագուհին։— Բայց ինչո՞ւ եք այդպես անհավասար կերպով բաժանել. երեքը բերել եք մեզ համար, մեկը միայն թողել եք ձեր երկուսի համար։

— Մենք այդ մեկով միայն կբավականանանք,— դարձյալ պատասխանեց Հասմիկը։— Եթե մեզ համար քիչ է մնում, այդ մեր մեղն է, որ շատ չենք որսացել։

— Ոչ, ինչ որ աստված տվել է, պետք է հավասար բաժանել,— այդ ասելով նա վեր առեց աղավնիներից մեկը, տվեց իրանց, իսկ երկուսը թողեց յուր և օրիորդի համար, կրկնելով.— մենք չորս հոգի ենք, աստված չորս աղավնի է տվել։ Գնացեք, դուք ևս ընթրեցեք։

Երկու նաժիշտները հեռացան, թեև, ըստ սովորության, նրանք պետք է թագահու սեղանի մոտ սպասեին այնքան ժամանակ, մինչև նա յուր ընթրիքը վերջացներ։

Որմիզդուխտը, որ մի առանձին բավականությամբ լսում էր բարեսիրտ թագուհու խոսքերը, մեջ մտավ և ժպտալով ասաց.

— Երբ կերակուրը հավասար ենք բաժանում, պետք է աշխատանքն էլ հավասար բաժանենք, մի օր մենք գնանք որսի, մի օր Շուշանիկն ու Հասմիկը։ Այդպես հերթով լավ չի՞ լինի, մայրիկ։

— Լավ կլինի։ Բայց դու որսալ իմանո՞ւմ ես։

— Ինչպե՞ս չէ։ Էգուց հերթը մերն է, և դու կտեսնես իմ ձեռքի շնորհքը։ Տիզբոնում եղած ժամանակ, երբեմն եղբայրս ինձ տանում էր յուր հետ որսի, և ամեն անգամ ես դատարկաձեռն չէի մնում։ Մի օր ես նետահարեցի մի նապաստակ հենց փախչելու միջոցին։ Երբ վերադարձանք տուն, ես ստացա եղբորս գովասանքը մի գեղեցիկ մատանի։

— Ինձանից ևս կստանաս մի գեղեցիկ ընծա, եթե էգուց շնորհքդ ցույց կտաս։

Օրիորդը սկսեց երեխայի նման ուրախանալ։

Սեղանի վրա դրած էր մի արծաթյա մեծ սրվակ լի գինով, իսկ