Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/396

Այս էջը սրբագրված է

Եվ դեռ իշխում էր անգութ թագուհին

Այն դիակառույց՝ արյունոտ բերդին,

Դեռ պահանջում էր՝ զոհեր նորանոր,

Զոհե՜ր սոսկալի, զոհե՜ր բյուրավոր։


Անցան տարիներ, անցան և դարեր,

Երբ հայտնվեցան յոթն հսկաներ.

Յոթն արքայի էին թանկ որդիք,

Մինը քան զմյուս՝ չքնաղ, գեղեցիկ։


Թագուհին տեսավ, սիրտը թուլացավ...

Այն քարե սիրտը՝ մաշվեց... հալվեցավ...

Որի՞ն ընտրել։ Ո՞ր քաջ գեղանին։ —

Թողեց որ մարտը վճռե արժանին։


Սկսվեց մարտը։ Եղբայրներ յոթունք

Ունեն իրանց դեմ՝ յոթն արքայազունը,—

Ուժեր հավասար, ուժե՛ր սոսկալի

Մարտնչում էին հուսով լի ու լի։


Երկարեց մարտը։ Կողմերն աննկուն

Դեռ կռվում էին՝ եռանդով, տոկուն,

Եվ անգութ բախտը՝ դեռ ոչ մի կողմին

Չէր տալիս կանաչ՝ հաղթության դափնին։


Յոթն արքայազնից՝ վեց հոգի ընկան,

Վեց պայծառ արև ի սուդ պատեցան.

Մնաց մեկը միայն՝ հուժկու, քաջալանջ,

Կռիվ էր մղում, կռի՛վ աննահանջ։


Ամրոցի կույսը այլ չհամբերեց,

Խելագարի պես՝ բարձից ցած վազեց,

Եվ յուր մերկ կուրծքը նրանց դեմ տալով,

Նա եղբայրներին այսպես բարբառեց.


«Վայել չէ՛ յոթնին մեկի հետ կռվել,

Եվ զենք ու զրահարատով պատել.

Դա՛ է իմ ըղձալին,— այս քաջ ախոյան,

Իմ սերը պսակ՝ դորա հաղթության»։


Իսկ եղբայրները զենքը ցած դրին,

Քաջի ճակատին համբույր մատուցին,

«Քե՛զ լինի,— ասացին,— այդ չքնաղ կույսը,

Որ տիեզերքի էր զարդն ու լույսը»։