Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/398

Այս էջը սրբագրված է

կատարվում, և թե բերդի անգութ պաշարողը յուր ապագա փեսան է՝ նույն իսկ Մերուժանը։

Պարսից արքունիքում նա էակ չէր, այլ իր էր՝ այն գեղեցիկ և թանկագին իրերից մեկը, որոնցով լի էր արքայական գանձարանը։ Եվ ինչպես այդ իրեղեններով պարսից արքան սովորություն ուներ վարձատրել յուր ավագների ծառայությունները, նույնպես և յուր քրոջը տալով, խոստացել էր նա վարձատրել Մերուժանի դժնդակ ծառայությունները։ Այդ կիմանար օրիորդը այն ժամանակ միայն, երբ նրա ձեռքից կբռնեին և կհանձնեին Մերուժանին։

Թագուհին մինչև այն օր չէր խոսացել օրիորդի հետ Մերուժանի մասին, և խոսելու ցանկություն ևս չէր ունեցել։ Բայց լսելով նրա երգը, հարևանցի կերպով հարցրեց.

— Գիտե՞ս, Որմիզդուխտ, ո՛վ է պաշարել մեր բերդը։

— Չեմ իմանում,— պատասխանեց նա։

— Եթե թշնամին ասեր՝ «տվեք ինձ Որմիզդուխտին, ես կթողնեմ և կհեռանամ»,— դու կգնայի՞ր։

— Կգնայի։

— Ինչո՞ւ կգնայիր։

— Որ այդքան մարդիկ չմեռնեին, որ հաց լիներ, դրանք ուտեին, և որպեսզի դու այնքան նեղություն չկրեիր, ահա ինչու համար կգնայի։

— Ուրեմն, դու նույնպե՞ս կվարվեիր, ինչպես վարվեց այն ամրոցի աղջիկը, որի երգը երգեցիր։

— Ոչ, ես այնպես չէի վարվի։ Նա անսիրտ աղջիկ էր. նա յուր գեղեցկության համար զոհեր էր պահանջում, և որքան բազմանում էր զոհերի թիվը, այնքան այդ անգթությունը նրան զվարճություն էր պատճառում։ Նա յուր պաշտողների դիակներից և գագաթներից յուր համար ամրոց հիմնեց։ Բայց ես այդպես չէի անի, ես թույլ չէի տա, որ մի կաթիլ անգամ արյուն թափվեր, այլ իսկույն դուրս կգայի թշնամու հանդեպ, կուրծքս կդարձնեի դեպի նրա նետերը ևկասեի. «Ահա՛ ես, եթե ինձ համար է կռիվը, թո՛ղ դադարի նա»։ Ես կզոհեի ինձ, բայց կփրկեի այդ բերդը։

Նա խոսում էր յուր հոգու բոլոր անկեղծությամբ։ Զոհարերության այդ գաղափարը կազմվել էր նրա մեջ ո՛չ թե ընդհանուր մարդասիրական զգացմունքից, այլ կրթության այն պայմաններից, որոնցով, սկսյալ մանկությունից, շրջապատված էր եղել նա։ Նրա պառավ դայակները լցրել էին նրա գլուխը հարյուրավոր վեպերով ու հեքիաթներով, որոնցով այնքան հարուստ էին