Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/402

Այս էջը սրբագրված է

Օրիորդը ուրախությունից այժմ ինքը լցրեց ոսկյա բաժակները, մեկը աոաջարկեց թագուհուն, իսկ մյուսը ինքը միանգամից խմեց: Գինու ազդեցությունը մի կողմից, վառված զգացմունքները մյուս կողմից, դրել էին նրան մի տեսակ հոգեզվարճ հափշտակության մեջ, և նա անդադար կրկնում էր միևնույն ցանկությունները, թե սպարապետի գալուց հետո, ինչ պիտի անե ինքը, ինչպես պետք է հայտնե յուր սերը սպարապետին, կամ ինչպես երկուսը միասին պետք է պատժեն «չար Մերուժանին» և այլն։ Թագուհին լսում էր և բարեսրտությամբ ժպտում էր։

Օրիորդի հուզված ոգևորությունը այն աստիճան զբաղեցրել էր թագուհուն, որ նա ամենևին չէր նկատել, թե գիշերի մեծ մասը արդեն անցել էր։ Քայց նրա ոգևորությունը փոքր առ փոքր մեղմացավ, ինչպես մի սաստիկ լարված նվագարան, որի քաղցր հնչյունները հետզհետե սկսում են թուլանալ։ Քունը մի կողմից, գինու ազդեցությունը մյուս կողմից, լցրել էին նրա խոշոր աչքերը մի ախորժելի խումառությամբ, որ առանձին հրապուրանք էր տալիս սիրուն դեմքին։ Գեղեցիկ գլուխը արդեն օրորվում էր, և վերջին խոսքերը կցկտուր էին, և ըստ մեծի մասին անհասկանալի։ Թագուհին բռնեց նրա ձեռքից, տարավ յուր քնարանը, և պառկեցրեց անկողնի մեջ։ Երկար նստած էր նրա մոտ, մինչև քունը բոլորովին տարավ։ Բայց մերթ ընդ մերթ նրա մարջանի նման կարմիր շրթունքները արտասանում էին այդ խոսքերը. «Ա՜խ, ո՛րքան ազնիվ էր նա... ա՜խ, ո՛րքան սիրում էի նրան...»։

Օրիորդի ննջելուց հետո, թագուհին կրկին վերադարձավ առաջին սենյակը։ Այս գիշեր, ինչպես ամեն գիշեր, նրա քունը չէր տանում։ Մի քանի անգամ լուռ անցավ սենյակի միջով, հետո մոտեցավ բաց լուսամուտին, կանգնեց նրա հանդեպ։ Նայում էր դեպի խորին, մահահրավեր լռությունը, նայում էր դեպի մթին, թանձրամած խավարը։ Ոչի՛նչ չէր երևում, ոչինչ չէր լսվում։ Ամեն ինչ նիրհում էր ծանր, հավիտենական անշարժության մեջ։ Միայն երկինքը ցույց էր տալիս փոքր ի շատե կենդանության նշույլ։ Աստղերը վառվում էին։ Նրա անթարթ աչքերը դարձան դեպի այդ միլիոնավոր արծաթափայլ բծերը։ Երկար նայում էր։ Ի՞նչ էր որոնում նրանց մեջ,— ինքն էլ չգիտեր։ Բայց նայում էր։ Ահա՛ , հորիզոնը կամարաձև գծելով, անցավ մի շողշողուն ցոլացմունք։ Մի աստղ ընկավ... մի կյանք ևս խավարեց...

Նա հեռացավ լուսամուտից, մոտեցավ բազմոցին, նստեց նրա վրա։ Ճրագի թախծալի լույսը, ընկնելով գեղեցիկ դեմքի վրա,