Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/408

Այս էջը սրբագրված է

Գողի նման մտար իմ ամրոցը, և ինչ որ լրտեսելու էիր, լրտեսեցիր։ Այժմ գնա՛, ում որ մատնելու ես, մատնի՛ր իմ ամրոցը։ Ես պատրաստ եմ...

— Քե՞զ հանգիստ թողնել... դու տակավին հանգստությա՞ն ես սպասում... հանգստությունը այլևս քեզ համար չէ, տիկին... Այո՛, ախորժելի հանգստություն կլիներ՝ հանգչել հազարավոր զոհերի դիակների վրա, որոնք հիմարացան և քեզ հետ այդ բերդը մտան... Այժմ դու քո երկու նաժիշտներով հանգստությո՞ւն ես որոնում այստեղ... Գիտե՞ս, տիկին, թե ի՛նչ է կատարվում քո շուրջը...

— Գիտեմ...— պատասխանեց թագուհին հուզված ձայնով։

— Ո՛չ, բոլորը չգիտես։ Լսիր տիկին, ես խիստ հետաքրքիր նորություններ կպատմեմ քեզ։ Մերուժանը այժմ զարմանալի հրաշքներ է գործում։ Դու խլեցիր նրանից նրա սիրելի Որմիզդուխտին, իսկ նա խլեց քեզանից, հիմա հաշվի՛ր, թե որքա՜ն հոգիներ։ Նա մտավ Վան քաղաքը, ավերակ դարձրեց և բնակիչներից գերի վարեց 18 000 հայ և 5 000 հրեա...

— Նա չխնայեց և յուր սեփական քաղաքացիների՞ն,— ընդհատեց թագուհին։

— Այո՛, չխնայեց, գլխավորապես այն վիրավորանքի համար, որ նրա քաղաքացիքը ցույց տվին նրան՝ Ռշտունյաց Գարեգին իշխանի հարձակման ժամանակ։ Բայց այդ դեռ բոլորը չէ, լսի՛ր, տիկին։ Վանից Մերուժանը անցավ Աղիովտի Զարիշատ քաղաքը, գերի վարեց 10 000 հայ և 14 000 հրեա։ Այնտեղից անցավ Բագրևանդի Զարեհավան քաղաքը, դերի վարեց 5 000 հայ և 8 000 հրեա։ Այնտեղից անցավ Արշարունյաց գավառի Երվանդաշատ քաղաքը, գերի վարեց 20 000 հայ և 30 000 հրեա։ Այնտեղից անցավ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը, գերի վարեց 19 000 հայ, կոտորելով չափահասներին և միայն կանանց ու մանուկներին առնելով։ Այնտեղից անցավ Արտաշատ քաղաքը, գերի վարեց 40 000 հայ և 9 000 հրեա։ Այնտեղից անցավ Գողթնյաց գավառի Նախճվան քաղաքը, գերի վարեց 2 000 հայ և 16 000 հրեա։ Տեսնո՞ւմ ես, տիկին, այդ բոլորը տարավ նա մեկ հոգու՝ Որմիզդուխտի փոխարեն։

— Ո՞ւր տարավ,— հարցրեց թագուհին զարհուրելով։

— Առայժմ գերիների մի մասը հավաքել, պահել են Երասխ գհտի աջ ափի մոտ, Արտաշատի հանդեպ, իսկ ամենամեծ մասը՝ Նախճվանի մոտ։ Սպասում են միայն քեզ, տիկին, որովհետև Մերուժանի ցանկությունն այն է, որ դու քո ժողովրդի հետ միասին