Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/413

Այս էջը սրբագրված է

Մերուժանը ոտք կդնե իմ ամրոցի շեմքի վրա, նա պետք է յուր առջև կախված տեսնե սիրած աղջկա դիակը... Բայց ինչո՞վ է հանցավոր այդ անմեղ աղջիկը... Ոչ, ես դրան կենդանի կթողնեմ, որ ավելացնե Մերուժանին... Չէ կարող լինել մի պատիժ այնքան դառն այնքան դժնդակ, քան թե այն, երբ Մերուժանը, որ հանձն առեց այդ գեղեցիկ աղջկա համար այնքան եղեռնագործություններ, հանկարծ իրան խաբված կգտնե յուր սիրո մեջ, երբ Որմիզդոլխտը սկսե ատել նրան և մերժել նրա սերը... Նա ինձ խոստացավ այդ, համոզված եմ, որ կկատարե...»։

Նա մոտեցավ, արթնացրեց օրիորդին։

— Գիտեմ, թե ինչո՛ւ այդպես վաղ արթնացրիր ինձ, սիրելի մայրիկ,— ասաց նա ուրախանալով։— Գիշերը պայման դրեցինք, որ այսօր մե՛նք գնանք որսի, և ո՛չ Շուշանիկն ու Հասմիկը։

Նա դեռ չէր մոռացել գիշերվա խոսակցությունը։

— Ոչ, սիրելի Որմիզդուխտ,— պատասխանեց թագուհին տխուր ձայնով;— Այսօր մեզ պիտի որսան... Որսորդները արդեն եկել, ամրոցի դռանը կանգնել են... Լսո՞ւմ ես փողերի ձայնը...

— Լսում եմ...— ասաց օրիորդը շփոթվելով։— Ինչո՞ւ համար են այդ ձայները...

— Թշնամին հասկացել է, որ ամրոցը պաշտպաններ չունի, եկել է, որ գրավի նրան։

— Մերուժա՞նը։

— Այո՛, Մերուժանը։

Օրիորդը խելագարի նման վեր թռավ անկողնից, շտապեց հագնվել։ Նա այնպես հերարձակ, առանց գլուխը կապելու, կամենում էր վազ տալ դեպի ամրոցի դռները։ Բայց թագուհին բռնեց նրան, հարցնելով.

— Ո՞ւր ես գնում։

— Անիծյալ Մերուժանը եկել է գրավելու այդ բերդը իմ եղբոր զորքերով, իմ եղբոր զորքերը չեն կարող չհնազանդվել քրոջ հրամանին, ես գնում եմ նրանց հրամայելու...

— Ի՞նչ հրամայելու։

— Դու իսկույն կտեսնես մայրիկ։

Ամրոցի դրսում աղմուկը և շփոթությունը հետզհետե սաստկանում էին։ Խառնաձայն աղաղակները խլացնում էին շրջակայքը։ Հազարավոր ձայներ կրկնում էին միևնույն խոսքը. «Բա՛ց արեք...»։

— Ես իմ ամրոցի դռները չեմ բաց անի նրանց առջև,—