Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/42

Այս էջը սրբագրված է

է պարզ երկնակամարի վրա, դա կթափե քո վրա այն բոլոր բարիքները, ինչ որ լուսինը թափում է արարածների վրա։ Իսկ այդ ալ մաստները, որ սփռված են մահիկիդ շուրջը, մշտական ուրախություն կշնչեն քո սրտին, հաղթող կհանդիսացնեն քեզ ամեն ձեռնարկության մեջ և թագավորների աչքում սիրելի կկացուցանեն։ Ահա այդ սիրուն թանան, որ կրում ես քթիդ վրա, յուր մեխակի ձևով` միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ յուր երկնագույն փիրուզայի ակնով կլիացնե քո արկղները ոսկով ու արծաթով, քո խոսքը, քո խնդիրքը ընդունելի կանե ամենի մոտ և քեզ հեռու կպահե թագավորների պատուհասներից։ Ահա այդ ոսկյա գնտերը, որ վառվում են գույնզգույն զմրուխտներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից և միշտ ուրախալի համբավներով կզվարճացնեն քեզ։ Իսկ այդ զմրուխտները կկուրացնեն օձի ու վիշապի աչքերը և քո անձը անխոցելի կպահեն ամեն թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից։ Ահա այդ մարգարտաշար մանյակը յուր խորհրդավոր հուռութքներով, դրանց մեջն է ամփոփված քո բախտը, քո թովիչ զորությունը և քո կախարդիչ հրապուրանքը, որոնք կնոջ համար անհրաժեշտ են...

Նա առեց մոր ձեռքերը յուր ափերի մեջ և շարունակեց.

— Այդ օձաձև ապարանջանները, որքա՜ն գեղեցիկ են, որքա՜ն խորհուրդ կա դրանց մեջ... դրանք կտան քո բազուկներին հաջողություն և օձի իմաստություն, ինչպես տվեց օձը մեր նախամայր Եվային... Իսկ այդ մարջանով (բուստ) և գույնզգույն հուլունքներով զարդարած թևակապները, որոնց մեջ պահվում են, ո՛վ գիտե, ինչ տեսակ թալիսմաններ,— դրանք հեռու կպահեն քեզ չար աչքերից և չար պատահարից, դրանք կպահպանեն քեզ դևերի, քաջքերի և բոլոր աներևույթ ոգիների պատրանքներից։ Ես համոզված եմ, որ այդ թևակապների մեջ ամփոփված են մի որևիցե մոգի դրվածքները...

Մայրը խոժոռ դեմք ընդունեց։ Որդին շարունակեց, ցույց տալով մատանիների նշանակությունը.

— Այդ մատանին կարմիր յաղութի (հակինթ) քարով ամեն մարդկանց մոտ հաճելի կանե քեզ։ Այդ մյուսը` սարդիոնի (սեյլան) քարովս փարատում է արյունահեղությունը։ Այդ երրորդը` վարդագույն սուտակի (լալ) քարով` փարատում է վշտերը և հալածում է դևերին։ Այդ չորրորդը՝ խայտաճամուկ օձաքարով` թույների ներգործությունը ոչնչացնում է։ Այդ հինգերորդը` հակիկի դեղնագույն քարով` ոչնչացնում է մարդկանց չար մտքերը...