Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/422

Այս էջը սրբագրված է

ամենայնիվ, մի քանի անգամ նրա մահվան դագաղը պատրաստվեցավ։ Այնտեղ մնաց նա բոլորովին անգիտակցության մեջ և նրա շրջապատողները ամենայն զգուշությամբ աշխատում էին թաքցնել նրանից, թե ի՛նչ էր կատարվում այդ ժամանակ Հայոց աշխարհում։ Բայց հիվանդը յուր ջերմության տագնապի մեջ՝ միշտ Հայոց աշխարհի մասին էր խոսում և միշտ նրա մասին էր հարցնում։

Ո՛չ հայրը և ո՛չ մայրը ամենևին տեղեկություն չունեին նրանից, այդ պատճառով շատ անհանգիստ էին։ Անհանգիստ էին և բարեկամները։ Ոմանք նրան բոլորովին կորած էին համարում։ Այդ տխուր հանգամանքների մեջ՝ կարելի էր երևակայել Ռշտունյաց Աշխեն օրիորդի վիշտը, որ հոգով և սրտով նվիրված էր յուր սիրելիին։ Նա մարդիկ ուղարկեց դեպի ամեն կողմ որոնելու նրան։

Բ Բայց ճակատագիրը խնայեց մահամերձ հիվանդին, խնայեց մի նշանավոր գործի համար, որ ապագայում օրինակ պիտի դառնար շատերին։ Հենց որ նա մի փոքր-ինչ առողջացավ, փոքր-ինչ կազդուրեց յուր սպառված ուժերը, իսկույն թողեց վանքը և ճանապարհ ընկավ դեպի յուր նպատակը։ Այդ ժամանակ նրան հայտնի էր ամեն ինչ. այդ ժամանակ նրան արդեն պատմել էին, թե ինչեր կատարվեցան յուր բացակայության միջոցին, կամ ի՛նչ դրության մեջ էին ներկա գործերը։ Տեղեկանալով բոլորը, կազմեց նա յուր ամենավստահ ծրագիրը։ Առանց ժամանակ կորցնելու, նախ գնաց Հադամակերտ, Արծրունյաց ոստանը, և այնտեղ տեսնվեցավ Վաս- պուրականի տիկնոջ (Մերուժանի մոր) հետ։ Հետո գնաց Ռշտունիք, տեսնվեցավ Գարեգին իշխանի հետ։ Այնտեղից անցավ դեպի Մոկաց և Սասնո լեռնաբնակները, տեսնվեցավ և նրանց իշխանների հետ։ Թե ի՞նչ խորհուրդ ունեին այդ տեսակցությունները,— արդյունքը կհայտնվի հետո։ Նա. չմտավ Տարոն, Մամիկոնյանների սեփական երկիրը, զգուշանալով, մի գուցե հանդիպի յուր մորը։ Այդ յուր նպատակները կարգադրելուց հետո, ուղիղ ճանապարհ ընկավ դեպի Արարատ, ուր հույս ուներ գտնել թե՛ հորը և թե՛ Մերուժանին։ Նրա հետ էր յուր սիրելի դայակը՝ ծերունի Արբակը, և յուր ազգակիցը՝ պատանի Արտավազդը։ Նրա հետ էին և յուր հավատարիմ ծառաները։ Նա անցավ մի շարք ավերակների տխուր հետքերի վրայով, որ թողել էին յուր հայրն ու յուր քեռին։ Նա յուր ճանապարհի վրա ականատես եղավ այն բոլոր չարիքներին, որ գործել էին այդ երկու մարդիկը։ Բայց մտնելով Արարատյան դաշտը, և տեսնելով նրա թշվառությունները, Սամվելի ցավերը ավելի սաստկացան։ Կատարված իրողությունները, ո՛րքան դառն էին,