Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/424

Այս էջը սրբագրված է

նայել նրա երեսին։— Այդ հարցերը ավելի սարսափեցնում էին նրան, քան թե շրջապատող տխուր երևույթները։ Նա հավաքեց յուր բոլոր սառնասրտությունը, ցած իջավ ձիուց, և իսկույն վազեց վրանի ներսը։ Նրա մարդիկը մնացին դրսում։

— Ա՜խ, Սամվել, սիրելի Սամվել․․․— բացականչեց շփոթված հայրը և սեղմեց որդուն յուր կրծքին։

Մի քանի րոպե մնացին նրանք լուռ գրկախառնության մեջ։ Հայրը չէր հավատում յուր աչքերին։ Որդու անակնկալ հայտնվիլը այն աստիճան հափշտակեց նրան, որ մերթ երեխայի նման հեկեկում էր, մերթ համբուրում էր նրան, և սրտի սաստիկ բաբախմունքից մի բառ անգամ չէր գտնում յուր զգացմունքները արտահայտելու։

Նա բռնեց սիրելի որդու ձեռքից, տարավ, նստացրեց յուր մոտ՝ փառավոր բազմոցի վրա։ Այն օրից, որ հայրը գնացել էր Տիզբոն, չէր տեսել որդուն։ Այն օրից անցել էին տարիներ։ Որդին աճել էր, գեղեցկացել էր, և բոլորովին այրական դեմք էր ստացել։ Հայրը նայում էր նրա վրա և սքանչանում էր։

— Սամվե՜լ... թանկագի՜ն Սամվել...— անդադար բացականչում էր նա, և կրկին ու կրկին անգամ ողջագուրելով, սփռում էր նրա գունաթափ դեմքը բազմաթիվ համբույրներով։

Որդին դեռ գտնվում էր հուզված կրքերի սաստիկ ալեկոծության ներքո, որ նրան մի տեսակ տենդային դրության մեջ էին դրել: Բայց հայրը վերաբերում էր այդ նրա զգացված սրտին, և երկար նրա դողդոջուն ձեռքը բաց չէր թողնում յուր ափերի միջից, և դեռ խորին զմայլմունքով շարունակում էր նայել որդու վրա։ Նրա հոգին լցված էր անսահման բերկրությամբ, և իրան երանելի էր համարում, որ այնպիսի սիրուն որդի ունի։

— Ա՜խ, եթե քեզ գոնե մի անգամ տեսներ Շապուհ արքան,— ասում էր նա սրտագին բաղձանքներով,— այդ շնորհալի դեմքով, այդ վայելչագեղ հասակով, նա անպատճառ քեզ հայոց ամբողջ հեծելազորի հրամանատար կկարգեր։

Այդ խոսքերը այնպիսի անսպասելի կերպով խոսվեցան, որ Սամվելը իսկույն ուշի եկավ, և մտածեց որոշել յուր դերը, որպեսզի չմատնվի։

— Մի այդպիսի բարձր պաշտոն ինձ համար դեո շատ վաղ է, սիրելի հայր,— պատասխանեց նա բռնի ժպիտով։

— Դու շատ համեստ ես, Սամվել։ Բայց նայիր քեզ վրա հոթ աչքով, և այն ժամանակ շատ վաղ չես համարի: Դու կհիացնես