Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/426

Այս էջը սրբագրված է

— Ես իմացում տալիս էի... բայց իմ մարդիկը գնում էին և տեղ չէին հասնում... Գիտե՞ս, հայր, ի՜նչ աղմկալի ժամանակներ էին․․․ Մարդիկների գլուխները ծառի տերևների նման թափվում էին...

Սամվելը, իրավ, յուր հիվանդության մասին իմացում էր տվել, բայց ո՛չ հորը և ո՛չ մորը, այլ յուր բարեկամներին, որ այդ միջոցում գտնվում էին Արտագերս ամրոցի մեջ, պաշարված հոր և Մերուժանի զորքերով։ Նրա մարդիկը չկարողացան մտնել ամրոցը, և այդ պատճառով նրա հետ պատահած դժբախտությունները մնացին անհայտության մեջ։ Հայրը սաստիկ տխրեց այն բոլոր տառապանքների համար, որ կրել էր որդին և, գրկելով նրան, բացականչեց․

— Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, անգին Սամվել, գոհությո՜ւն և փառ՜ք նրա մեծությանը։

Նամակը թեև հին էր, այնուամենայնիվ հոր համար շատ հետաքրքրական էր. նա իսկույն սկսեց խորին ուշադրությամբ կարդալ, խնդրելով որդուն, որ գնա կից խորանում լվացվի և ճանապարհի փոշին սրբե իրանից։ Մի խումբ պատանիներ, շքեղ կերպով հագնված, պատրաստ էին այնտեղ սպասավորելու համար։ Նրանք բոլորն էլ ազգով պարսիկներ էին, և չէին ճանաչում Սամվելին։ Նրա հայրը այժմ հայ ծառա չէր պահում, և ո՛չ մի հայ նրա մոտ ծառայել չէր ցանկանում։ Սամվելը, հորը միայնակ թողնելով, մտավ ցույց տված խորանը, ուր ամեն պարագայք պատրաստ էին լվացվելու համար։

Վրանը, որի մեջ գտնվում էին նրանք, յուր բոլոր հարմարություններով՝ ներկայացնում էր մի ամբողջ շարժական պալատ։ Ժամանակի արհեստը տվել էր նրան՝ թե՛ վայելուչ ձև և թե՛ շքեղություն։ Դրսից, որպես լինում էին ամենաբարձր ազնվականների վրանները, շիկակարմիր գույն ուներ, իսկ ներսից պատած էր բացմանիշակագույն աստառով։ Զանազան մուտքեր տանում էին դեպի զանազան բաժանմունքներ, որոնք առանձին խորանների ձև ունեին, և պատրաստված էին այլ և այլ պետքերի համար։ Դռների փոխարեն ծառայում էին մետաքսյա վարագույրներ, որոնց եզերքը զարգացած էին գույնզգույն ծոպերով։ Վարագույրները կախված էին հաստ նարոտների վրա, որոնց ծայրերից քարշ էին ընկած ոսկեթել փունջեր։ Այդ ամբողջ կազմվածքը, որ պարսկական շռայլ ճաշակի գործ էր, ամրացած էր փայտյա ոսկեզօծ սյուների վրա, որոնք զարգացած էին ամենանուրբ ծաղկանկարներով։ Տասն ջորիներ