Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/428

Այս էջը սրբագրված է

և որդուն: Նա համոզված էր, թե ինչ որ ինքը արել է, կամ ինչ որ դեռևս դիտավորություն ունի անելու,— բոլորը նույնքան ախորժելի պետք է լինեն որդուն, որքան իրան, որովհետև գործողը հայրն է։ Նրա համար բոլորովին խորթ էր այն միտքը, թե որդին ընդունակ էր, կամ իրավունք ուներ քննադատելու հոր գործողությունները։ Ուրեմն ինչո՞ւ չհավատալ Սամվելին։

Նա նայում էր կատարված իրողությունների ահավորության վրա յուր անձնական նեղ տեսակետից։ Եթե կործանվեցան քաղաքներ և հրդեհվեցան մեծաշեն ավաններ, եթե գերի առնվեցան բազմաթիվ բնակիչներ և արյունով ներկվեցան հայրենի երկրի դաշտերն ու անդաստանները,— չէ՞ որ այդ բոլոր չարիքները չգործվեցան լոկ չարագործության համար, այլ հայտնի, որոշ, և կանխապես վճռված քաղաքական նպատակների համար, որ խոստանում էին փայլուն արդյունքներ։ Եվ եթե հայրը կհասներ սպասած արդյունքներին, ո՞ւմ համար էր, եթե ոչ որդու համար, ով պետք է վայելեր, եթե ոչ որդին։— Ահա այդպես էր մտածում հայրը, այդպես էին փառասեր իշխանի դատողությունները, և այդ պատճառով նրան բոլորովին տարօրինակ էին թվում կնոջ նախազգուշությունները, թե «շատ պետք չէ հավատալ Սամվելին...» — ինչո՞ւ չհավատալ։ Միթե Սամվելը դեռ այնքան տհա՞ս էր, որ հասկանալ չէր կարող հոր բարի ցանկությունները, որ նույն իսկ որդու բախտավորության համար էին...

Բայց որդին այլապես էր մտածում․ հայրենիքի կործանման մեջ որոնած փառքը՝ նա հայրենիքի դեմ դավաճանություն էր համարում։ Առանց մոր նամակը կարդացած լինելու, նա արդեն գիտեր բովանդակությունը։ Այդ պատճառով, նրան բոլորովին հասկանալի եղավ հոր հուզմունքը, որ նամակի ընթերցումից հետո՝ նա ամենայն դժվարությամբ աշխատում էր թաքցնել։ Բայց որդուն պետք էր համակերպվիլ հոր հետ, պետք էր գոնե առժամանակ կեղծել, որը նրա համար սաստիկ ծանր էր։

Երեկոյան մթությունը բոլորովին պատել էր բանակը, երբ Մամիկոնյան իշխանի վրանում վառեցին լապտերները։ Այդ ժամանակ բանակի մյուս վրաններում ևս հետզհետե սկսեցին երևնալ լույսեր, որ խիստ տխուր տպավորություն էին գործում Սամվելի վրա։ Նա կցանկանար, որ բնավ լույս չլիներ, և ամեն ինչ հավիտյան խավարի մեջ մնար, որ չտեսներ այն ատելի բանակը որ այնպես անխնա կերպով կեղեքում էր նրա սիրտը։ Շրջակայքը արդեն ծածկված էին թանձր մթության մեջ, և ամենուրեք տիրում