Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/43

Այս էջը սրբագրված է

Մայրը հասկացավ, որ որդին ծաղրում էր նրա սնահավատությունը և հեթանոսական նախապաշարմունքները, այդ պատճա¬ ռով ընդհատեց նրա բացատրությունները խիստ և վիրավորված ձայնով.

— Բավական է. ես գիտեմ քո թերահավատությունը... դու այդպիսի բաների չես հավատում...

— Իզուր ես այդպես կարծում, սիրելի մայրիկ,— պատասխանեց Սամվելը անվրդով կերպով,— ես կամենում եմ ցույց տալ, որ այնքան տգետ չեմ, ա յլ բոլորի նշանակությունը հասկանում եմ...

— Մի՞թե ես առաջ այդպիսի զարդեր չէի կրում, և մի՞թե մեր նախարարների բոլոր կանայքը այդպիսի զարդեր չեն կրում։

— Ճշմարիտ է, դու կրում էիր... այն ևս ճշմարիտ է, որ մեր նախարարների կանայքը նույնպես կրում են, բայց ձևերի մեջ մեծ զանազանություն կա։ Քո կրածները կատարելապես նմանեցրած են պարսկական ձևերին...

— Թո՛ղ այդպես լինի, ի՞նչ կա։

— Ոչինչ... ես միայն զարմանում եմ, թե ինչպե՞ս շուտ դու պատրաստել տվեցիր այդ բոլորը։

— Ես վաղուց պատրաստել էի տվել... ես միայն սպասում էի...

— Որ հորս գալուստը լսածին պես կրե՛ս,.. Այդպես չէ՞։

Մայրը ոչինչ չպատասխանեց, և նկատելով, որ այդ խոսակցությունը անախորժ կերպարանք է ստանում, խոսքը փոխեց.

— Գիտե՞ս, Սամվել, քեզ ինչու համար կանչեցի։

— Ես ոչինչ չգիտեմ...

— Հորիցդ նամակ ստացա, կանչեցի, որ հայտնեմ քեզ։

— Նամա՞կ ստացար,— բացականչեց Սամվելը,— այդ ուրախալի՜ է... շա՛տ ուրախալի... Եր՞բ ստացար։

— Այս գիշեր։ Սուրհանդակ եկավ։

Տիկինը ցած իջավ գահավորակի վրայից, հագավ կապտագույն մաշիկները, որը դրած էին գահավորակի առջև, անցավ դահլիճի միջով և մոտեցավ պատուհաններից մեկին, վեր բարձրացրեց մետաքսյա վարագույրը։ Այդ ժամանակ միայն, երբ նա երեսը շուռ տվեց, Սամվելը ուշադրություն դարձրեց մոր ծամքաղի վրա, որի մյուս զարդարանքների թվում նկատեց բորենու ճիրանից շինված մի հուռութք, որ բռնված էր արծաթի կանթի մեջ։

Տիկինը վերադարձավ, ձեռքում բերելով մագաղաթի մի