Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/431

Այս էջը սրբագրված է

Սամվելը ընթրիքի բոլոր ժամանակը չէր խոսում։ Նա մի փոքր կերավ և ապա հեռացավ սեղանից։ Հայրը հաճախ դառնում էր դեպի նա, աշխատում էր զբաղեցնել, հարցնում էր թախծության պատճառը, և միշտ միևնույն պատասխանն էր ստանում, թե սաստիկ հոգնած է, շատ գիշերներ չէ քնել, կցանկանար հանգստանալ և այլն։

Երբ հավաքեցին ընթրիքի սեղանը, հայրը հրամայեց, որ յուր ամենալավ վրաններից մեկը հատկացնեն Սամվելի կացության համար և այնտեղ պատրաստեն նրա անկողինը։

— Իմ անկողինն էլ թող այնտեղ պատրաստեն,— մեջ մտավ Արտավազդ մանուկը։

— Ես քեզ Սամվելից չեմ բաժանի, սիրելի Արտավազդ,— ասաց իշխանը և գրկեց նրան։

Հայրը հատկացրեց Սամվելին առանձին ծառաներ, պատվիրելով, որ միշտ նրա սպասումն լինեն։ Բայց որդին հրաժարվեցավ, պատճառ բերելով, թե ինքը ընտելացած է յուր ծառաներին, որովհետև նրանք գիտեն յուր բոլոր սովորությունները։

— Քո ծառաների թիվը շատ փոքր է, Սամվել,— նկատեց հայրը։— Պարսից սովորությունների համեմատ, դու պետք է գոնե հարյուր, երկու հարյուր ծառաներ ունենաս, եթե ոչ, անպատշաճ կլինի քեզ՝ մի որևէ տեղ երևնալ։ Էգուց պետք է գնաս քեռուդ (Մերուժանին) տեսնելու, այլևս պետք է այցելես մի քանի պարսիկ զորապետների, ինչպե՞ս կարելի է այդքան սակավ ծառաներով գնալ։

— Ես ծառաներ շատ ունեի, հայր,— ասաց Աամվելը հարկադրված ծիծաղով,— բայց մեծ մասը ճանապարհին կորցրի։ Ես դուրս եկա տանից երեք հարյուր ծառաներով, իսկ այժմ մնացել են քառասուն հոգի միայն։

— Ես պակասած թիվը կլրացնեմ ասաց հայրը մի առանձին բավականությամբ։— Դու պետք է քո հորը և քո տոհմին վայել նիստ ու կաց ունենաս։

— Ես կարող եմ երկու ծառայով ևս գնալ Մերուժանի մոտ, ինձ շատ մարդիկ պետք չեն միամտությամբ ընդմիջեց Արտավազդ մանուկը։

— Դու կարող ես միայնակ էլ գնալ սիրելիս,— ասաց նրան իշխանը ժպտալով։ — Դու դեռ փոքրիկ ես։ Երբ կմեծանաս, Սամվելի չափ կդառնաս, այն Ժամանակ շատ ծառաներ ման կածես քեզ հետ։