Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/434

Այս էջը սրբագրված է

— Ավելի լավ կլիներ: եթե մեզ այստեղ մի բան տային ուտելու։

— Ոչ,դու պիտի գնաս հորդ մոտ,— խորհուրդ տվեց ձերունին։

— Ուղիղ է ասում Արբակը հարկը պահանջում է, որ մենք գնանք այնտեղ,— հաստատեց և պատանի Արտավազդը ծիծաղելով։

Սամվելը ոչինչ չպատասխանեց։ Նա այս առավոտ գտնվում էր բոլորովին սրտամաշ վրդովմունքի մեջ։ Սկսեց լուռ կերպով նայել դեպի բանակը։

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան նրա պայծառ լուսավորության ներքո՝ երևան էին գալիս ահարկու բանակի ահարկու տեսարանները։ Սամվելի աչքերը կանգ առին Մերուժանի երկնագույն վրանի վրա։ Նրա առջև բարձրանում էին մի քանի բրգաձև բլրակներ։ Այդ բլրակները կազմված էին ո՛չ քարից, ոչ աղյուսից, և ո՛չ հողից, այլ մի տարօրինակ նյութից: Սամվելը երկար նայում էր նրանց վրա, բայց որոշել չէր կարողանում, թե ի՞նչ էին նրանք։ Արևի ոսկեգույն ճառագայթները փայլում էին այն մույգ-կարմրագույն ներկի վրա, որով օծված էին բլրակները։ Այդ ներկը արյո՜ւն էր, մարդկային չորացած, սևացած արյո՜ւն... Սամվելի ամբողջ մարմնով անցավ մի քստմնելի սարսուռ, երբ ավելի ուշադրությամբ սկսեց նայել։ — Բլրակները կազմված էին մարդկային կտրված կառափներից։ որոնց այլանո դակ կուտակությունը սարսափ էր ազդում։

— Այդ ի՞նչ կառափներ են․․․ գոչեց երիտասարդը, աչքերը բռնելով։

— Ի՞նչ կառափներ են...— կրկնեց ծերունին, գլուխը շարժելով։— Հայ շինականի, հայ խաշնարածի և հայ երկրագործի կառափներ են։ Մերուժանը այդ կառափների յուրաքանչյուրի համար մի-մի ոսկի է վճարել պարսիկ զինվորներին, և նրանք գնացել խեղճերին դաշտերից որսացել են և գլուխները կտրել են։ Դրանք Մերուժանի հայրենիքի ամենաթանկագին ընծաներն են, որ նա պետք է տանե և նվիրե պարսից արքային, պարծենալով, թե հայոց ազնվականների գլուխներ են։

Եվ իրավ, մի խումբ զինվորներ լցնում էին եղեռնական մթերքը մեծ տոպրակների մեջ, որ պետք է բառնային ուղտերի վրա և տանեին Տիզբոն։