Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/435

Այս էջը սրբագրված է

Լսելով ծերունու բացատրությունները, Սամվելը իսպառ շվարած մնաց: Նա գիտեր յուր հոր անգթությունը, նա գիտեր և Մերուժանի վայրագությունը: Բայց երևակայել անգամ չէր կարող՝ մարդկային բարբարոսությունը այս աստիճան վայրենության հասած: Եվ այս բարբարոսությունը կատարել էր յուր քեռին, որին գործակից էր և յուր հայրը...

— Ահա՛ այն անակնկալ պատրաստությունը, որով հայրս վաղ առավոտյան հյուրասիրում է մեզ...— ասաց նա դառնացած ձայնով և աչքերը վառվեցան խորին վրդովմունքով։

Սոսկալի տեսարանը ազդեց և պատանի Արտավազդի վրա, որի պայծառ աչքերում հայտնվեցան արտասուքի խոշոր կաթիլներ:

— Այլևս ինչո՞ւ համար են դիզել այնտեղ այդ արյունաներկ գլուխները,— գոչեց նա լալագին ձայնով:

— Ցույցի համար, սիրելի Արտավազդ,— պատասխանեց ծերունին։— Մերուժանը սիրում է սարսափ ձգել, և այդ գլուխները փրել է յուր գերիների առջև, որ նրանց զգալ տա, եթե չեն խոարհվի յուր հրամաններին, այն ժամանակ նրանց գլուխներն ևս ավելանան այդ կտրված գլուխների վրա։

— Ի՞նչ հրամաններ,— հարցրեց պատանին զայրանալով:

— Նա պիտի առաջարկե յուր գերիներին, որ թողնեն քրիստոնեությունը և ընդունեն պարսից կրոնը։

— Չարագո՜րծ,— գոչեց պատանին և մնաց զարմացած։

Բանակից դուրս, ավելի ընդարձակ տարածության վրա, զետեղված էին կենդանի ընծաները— գերիները,— որոնց Մերուժանը պետք է տաներ պարգևելու պարսից արքային։ Դրանք նույն գերիներն էին, որոնց թիվն ու համարը այնպես նախատական լեզվով հաղորդեց Հայր֊Մարդապետը հայոց թագուհուն՝ Փառանձեմին, երբ գիշերը գաղտագողի կերպով մտավ Արտագերս ամրոցը։ Այդ ահագին բազմությունը, իրանց սեռի և հասակի համեմատ, աժանել էին զանազան խումբերի։ Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր հիսունական հոգուց։ Մի երկար պարան, օղակ֊օղակ հանգույցներով, միացնում էր ամեն մի առանձնացած խումբի պարանոցները միմյանց հետ, կազմելով մի կենդանի շղթա։ Եվ որպեսզի պարանի հանգույցները բաց անել չկարողանային, նրանց ձեռքերը պինդ կապած էին քամակի վրա։ Ո՛չ մի ծեր մարդ, n՛չ մի պառավ կին չէր երևում այդ թշվառ բազմության մեջ։ Չէին երևում փոքրիկ մանուկներ։ Պարսկական անգութ սուրը ծերունիների և