Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/437

Այս էջը սրբագրված է

— Գիշերը բավական հոգնած էի,— պատասխանեց Սամվելը մոտենալով, համբուրեց հոր աջը։

Նրա օրինակին հետևեց և պատանի Արտավազդը, Արբակը միայն «բարի-լույս» ասաց և նստեց։

Նախաճաշիկը արդեն պատրաստ գրած էր այնտեղ։ Իշխանը խնդրեց նրանց ճաշակել, իսկ ինքը շարունակեց վերջացնել նամակը։

Հեռվից հայտնվեցավ մի սպիտակ ձիավոր, որ վեհապանծ կերպով շրջան էր գործում բանակի մեջ։ Մի խումբ զինված համհարզներ, գեղեցիկ նժույգների վրա նստած, հետևում էին նրան։ Սամվելը տեսավ և չկարողացավ զսպել յուր ծիծաղը։ Բայց նրա ծիծաղը ա՛յն աստիճան դառն և ա՛յն աստիճան մաղձոտ էր, որ յուր վրա դարձրեց հոր ուշադրությունը։ Նա նամակը մի կողմ դրեց, և հետաքրքրությամբ նայեց որդու երեսին։

— Մերուժանը բավական շտապե՜լ է,— ասաց որդին,— դեռ Հայոց թագավորը չդարձած, թագավորի ձևեր է բանեցնում...

— Ինչպե՞ս,— հարցրեց հայրը փոքր֊ինչ հուզված ձայնով։

— Ահա՛ այդպես... նստած է սպիտակ նժույգի վրա... նժույգի բաշն ու ագին ներկել է տվել վարդի գույնով... Չէ՞ որ այդ իրավունքները վայելում էին միայն Արշակունի թագավորներն ու թագավորաղները...

Հայրը զարմացած լսում էր։ Որդին, ավելի ուշադրությամբ նայելով Մերուժանի վրա, ավելացրեց.

— Եվ կարմի՜ր վարտիք ունի հագած... և կարմի՜ր կոշիկներ է կրում... դրանք ևս առանց նշանակության չեն...

Հայրը չգիտեր՝ ի՛նչպես բացատրել Սամվելի նկատողությունները. արդյոք հեգնությո՞ւն, թե իրավ որդին կանխաժամ էր գտնում Մերուժանի սնափառությունը։

Ինչո՞ւ է այդ զարմացնում քեզ, Սամվել,— պատասխանեց նա համոզիչ եղանակով։— Մերուժանին արդեն կարելի է հայոց թագավոր համարել։ Բավական է, որ նա այս բազմաթիվ գերիներին հասցնե Տիզբոն, այն ժամանակ Շապուհ արքան մեծ ուրախությամբ կտա նրան Արշակունիների թագը։

— Այդ ինձ բոլորովին չէ զարմացնում, սիրելի հայր— պատասխանեց Սամվելը կիսահեգնական ձայնով։— Ես համոզված եմ որ Շապուհ արքան Մերուժանի այդքան մեծ ծառայությունների համար՝ անպատճառ կտա նրան Արշակունիների թագը...

— Կտա՜...— ընդմիջեց ծերունի Արբակը, որ բոլոր ժամանա