Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/442

Այս էջը սրբագրված է

ձիաներ պատրաստեն, գնացեք Արաքսի ափերի մոտ զբոսնելու։ Եղանակը զով է, և այնտեղ գեղեցիկ տեսարաններ կան։

— Շնորհակալ եմ, սիրելի հայր,— ասաց Սամվելը։— Ես դեռ ոչ բոլորովին կազդուրվել եմ ճանապարհի հոգնածությունից, պետքէ գնամ, մի փոքր հանգստանամ։

Գալով յուր վրանը, իրավ, Սամվելը իսկույն ընկողմանեցավ բազմոցի վրա և ծանրացած գլուխը տվեց բարձերին։ Նրա գունաթափ դեմքը դարձրած էր դեպի ահռելի բանակը, և տխուր ալքերը հառած էին դեպի այն կողմը։ Նա դեռ չէր մոռացել և մոռանալ ևս անկարող էր, թե որպիսի' համակրությամբ հայրը նկարագրեց Մերուժանի գործողությունները, որոնց գործակից էր և ինքը։ Իսկ գործը ակներև էր, նրա աչքերի առջևն էր։ Որքան մտածում էր նա, ոչնչով չէր կարողանում արդարացնել հորը, չէր կարողանում արդարացնել և քեռուն։ Երկուսն էլ ներկայանում էին նրա առջև որպես երկու մահացու ոճրագործներ։ Բայց նա սիրում էր հորը, սիրում էր և քեռուն։ Նա պատրաստ էր տալ յուր կյանքը և ամեն ինչ, որ աշխարհում թանկ էր յուր համար, գեթ այդ երկու մարդիկը ուղղվեին և դառնային իրանց չար ճանապարհից։ Բայց եթե իրանց մոլորության մեջ մնայի՞ն։— Այդ միտքն էր, որ ալեկոծում էր նրա խռովյալ սիրտը, այդ միտքն էր, որ սարսափելի կերպով կեղեքում էր նրա հոգին։ Որդին նույնն էր մտածում հոր մասին, ինչ որ հայրն էր մտածում որդու մասին, երկուսն էլ միմյանց կորած էին համարում, երկուսն էլ միմյանց մոլորված էին համարում։ Հայրը մի հարմար առիթ էր որոնում բացատրվելու որդու հետ և յուր փափագները արտահայտելու նրան։ Որդին նույնպես որոնում էր մի հարմար ժամ, մի հարմար րոպե, խոսելու հոր հետ և յուր բոլոր ցավերը թափելու նրա առջև։ Նա շտապում էր անել այդ, քանի դեռ բանակը չէր շարժվել յուր տեղից, քանի դեռ ճանապարհ ընկած չէր նա դեպի Պարսկաստան։ Երբ յուր դիտավորությունները կուշացներ, երբ նրանք կանցնեին Արաքսը, այնուհետև ամեն հույս կորած էր համարում...

Սամվելի մոտ նստած էր ծերունի Արբակը և լուռ նայում էր նրա վրա։ Խե՜ղճ ծերունի, հասկանում էր անբախտ երիտասարդի դառն վշտերը, հասկանում էր նրա խորտակված սրտի ծանր վերքերը և մի բառ անգամ չէր գտնում մխիթարելու նրան։

Այդ միջոցին պատանի Արտավազդը կանգնած էր դրսում, վրանի մուտքի մոտ և չգիտեր՝ ինչ անել։ Որպես մի անհանգիստ աշխույժ և անհամբերություն, որպես մանուկ հասակի անզուսպ