Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/45

Այս էջը սրբագրված է

փոխարեն ատրուշաններ հիմնեն, և ամեն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների և ազնվականների թե տղաներին և թե աղջիկներին պարսկական ոգով և պարսկական կրոնի հրահանգներով կրթություն տալու համար։ Նա ծածկեց Սամվելից և նրա հորեղբոր, Վասակի չարաչար մահը Շապուհից, ծածկեց և Արշակ թագավորի աքսորվիլը Անհուշ բերդում։ Այդ բոլորը, իհարկե, գիտեր տիկինը, այդ բոլորը, անտարակույս, բերանացի հաղորդած կլիներ նրան նամակը բերող սուրհանդակը։

Տիկինը նկատեց այն վատ տպավորությունը, որ յուր պատմությունը գործեց որդու վրա, բայց իրան չգիտենալ ձևացնելով, գրկեց որդուն և, սեղմելով յուր կրծքի վրա, ասաց.

— Դու այժմ կարող ես շնորհավորել ինձ, սիրելի Սամվել,— եղբայրս` հայոց թագավոր, իսկ քո հայրը` հայոց սպարապետ...

Սամվելի դրությունը աննախանձելի էր։ Նա կամ բացարձակ կերպով պետք է հայտներ յուր զզվանքը հոր և Մերուժանի վարմունքի դեմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտեր նրանց դավաճանությունների մասին, և կամ պետք է լռեր, որ միգուցե յուր անզգուշությամբ գործը փչացներ, և յուր արդեն խորհած, վճռած նպատակները մնային անկատար։ Բայց լռել չէր կարող նա, պետք էր մի բան պատասխանել։ Այդպիսի դժվարին րոպեներում նրան օգնության էր հասնում յուր սովորական թերահավատությունը մի կողմից, և յուր կծու, հեգնությունը, մյուս կողմից։

— Այդպես շուտ ուրախանալ, դեռ վաղ է, սիրելի մայր,— ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մոր գրկից:

— Ինչո՞ւ,— հարցրեց մայրը և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից։

— Դեռ հայոց թագավորը կենդանի է...

Տիկինը չկարողացավ իրան զսպել, հայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում.

— Հայոց թագավորը աքսորված է Անհուշ բերդում, որտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում:

— Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնյա կայսրի մոտ...

— Նրան ո՞վ կբերե և յուր հոր գահը կնստացնե։

— Հունաց զորքերը և հայոց նախարարները...

— Մինչև նրանց գալը, հայոց երկիրը գրավված կլինի պարսից զսրքերով, իսկ իմ եղբայրը թագավոր։