Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/456

Այս էջը սրբագրված է

Հայաստանում։ Եվ որպես հայաստանցոց սիրալի ասպնջականությունը ստիպեց ձեզ մոռանալ Հրեաստանը,— այնպես և պարսից սիրալի ասպնջականությունը կստիպի ձեզ մոռանալ ձեր նոր հայրենիքը՝ Հայաստանը, միայն թե, երբ դուք կընդունեք պարսից կրոնը, որպես այստեղ ընդունեցիք հայոց կրոնը։

— Այդ երբե՛ք մի հուսար, Մերուժան,— ասաց ծերունին խորին վրդովմունքով։— Եթե հրեան հավատափոխ է լինում և քրիստոնեություն է ընդունում, դա շատ բնական է. որովհետև նա միշտ սպասում է Քրիստոսին— յուր սիրելի Մեսիային։ Բայց արեգակ պաշտել և կրակին երկրպագություն տալ նա երբեք հանձն չառնի։

Երկու մոգերը իրանց նստած տեղում ցնցվեցան, և նրանց թթված երեսների վրա երևաց մի տեսակ զայրույթ, որ պատրաստ էր հարվածելու անձնազոհ ծերունուն, եթե Մերուժանը չընդմիջեր նրանց բարկությունը, պատասխանելով.

— Դա ապագայի գործ է, հարգելի Զվիթա, ես այդ մասին այժմ քեզ հետ չեմ վիճի։ Միայն չեմ թաքցնում հայտնել ձեզ, որ, որքան և հաճելի լիներ ինձ քո խնդիրքը, այնուամենայնիվ, ես իմ թագավորի երկրի շահերը ավելի բարձր կդասեմ քո արտասուքից։ Ես լսել եմ քո համբավը, և ինձ հայտնի է, թե դու ո՛րքան սիրված ես քո ժողովրդից։ Ես քեզ ազատություն կշնորհեմ,— միայն քե՛զ, և ո՛չ քո ժողովրդին։ Գնա՛, ուր որ քո սրտին հաճելի է, և ոչ ոք այսուհետև բնավ չի համարձակվի նեղություն պատճառել քեղ։ Գնա՛, ազատ ես, Զվիթա։

— Ես կգնամ իմ գերված ժողովրդի մոտ, Մերուժան, և երբե՛ք չեմ բաժանվի նրանից։ Հովիվը պետք է յուր հոտի հետ լինի և յուր անձը դնե նրա պահպանության համար...

Այս եղավ տառապյալ ծերունու վերջին խոսքը և նա, արտասուքը աչքերում, երեսը շուռ տվեց, և հենվելով յուր հովվական ցուպի վրա, սկսեց դանդաղ ու չափավոր քայլերով դուրս գալ բանակից: Հետո բռնեց դեպի Արտաշատ տանող ճանապարհը և սկսեց դիմել դեպի պարսից մյուս բանակը, այնտե՛ղ, ուր Տափե- րական կամուրջի մյուս կողմում՝ պահված էր նրա սիրելի ժողովուրդը:

Ծերունու բողոքը, նրա անձնազոհությունը, խիստ ծանր տպավորություն թողեց բոլորի վրա։ Նրան ազատություն շնորհեցին, բայց նա մերժեց։ Նա չկամեցավ բաժանվել յուր հոտից, այլ ընդունեց նրա հետ միասին լինել և նրա հետ միասին կրել