Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/457

Այս էջը սրբագրված է

գերության ու պանդխտության տառապանքները։ Ոչինչ հարված չէր կարող Մերուժանի սրտին այնքան զգալի լինել, որքան համառ ծերունու արհամարհանքը, որով նա այնպես դառնացած կերպով մերժեց իրան առաջարկած շնորհը։

Այդ էր պատճառը, որ նրա հեռանալուց հետո Մերուժանը գտնվում էր մի տեսակ անհանգիստ շփոթության մեջ և, կարծես, նոր էր զգում, որ յուր պատրաստած թունավոր նետերը՝ հենց գործի սկզբում՝ ապառաժներին են դիպչում և կրկին դեպի ինքը ետ են դառնում...

Ոչ սակավ վրդովված էին երկու մոգերը, որ այնտեղ նստած էին։ Նրանցից մեկը նկատեց.

— Ո՛վ քաջդ Մերուժան, դու իզուր ես թույլ տալիս այդ սևազգեստ, այդ սևագլուխ սատանաներին հետևել իրանց ժողովրդին։ Դրանք այնտեղ, Պարսկաստանում շատ կդժվարացնեն մեր գործը...

— Այո՛, դրանք այնտեղ հանապազ իրանց ժողովրդին մոլորության մեջ կպահեն,— ավելացրեց մյուս մոգը։— Պետք էր կրոնավորներին միանգամայն զատել իրանց հոտից և թողնել այստեղ, որ մեզ Պարսկաստանում չխանգարեին...

Մերուժանը այնքան անձնասիրություն ուներ, որ յուր գործողությունների վերաբերությամբ, որքան և սխալ լինեին, այնուամենայնիվ, ոչինչ նկատողության համբերել չէր կարող։ Լսելով մոգերի տրտունջը, պատասխանեց.

— Եթե դրանք Պարսկաստանում մեզ կխանգարեն, եթե գրգռելով իրանց ժողովրդին, նրան միշտ քրիստոնեական մոլորության մեջ կպահեն,— դրա համար Շապուհ արքան շատ բանտեր ու դահիճներ ունի։ Դժվար չէ՝ մի քանի րոպեում՝ բոլորին կենդանի մի գուբի մեջ թաղել և նրանց ձայները լռեցնել։ Բայց եթե այստեղ թողնելու լինեինք դրանց, անտարակույս, կդժվարացնեին մեր այստեղի գործերը։ Չէ՞ որ մենք այստեղ ևս պետք է առաջարկենք՝ թողնել քրիստոնեությունը և ընդունել մազդեզանց սուրբ կրոնը։ Այս էր պատճառը, որ ես աշխատեցի, որքան կարելի էր, ձեռք բերել հայոց հոգևորականներին և մեր հսկողության ներքո պահել։

Մերուժանի կարծիքին հավանություն տվին թե՛ Հայր-Մարդպետը և թե՛ Վահան Մամիկոնյանը՝ Սամվելի հայրը։ Դրանք ևս պնդում էին, թե եկեղեցին գրավելու համար՝ նախ պետք է եկեղեցականներին գրավել, ինչպես հոտը գրավելու համար՝ նախ պետք է հովվին ձերբակալել։