Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/459

Այս էջը սրբագրված է

մասին, մանավանդ երբ գործողությունները բավական հաջող վախճան էին ստացել։

— Զարմանում եմ, սիրելի քեռի,— հարցրեց նա:— Ես ձեր գերիների թիվը համեմատաբար ավելի փոքր եմ գտնում, քան թե այն բազմաթիվ ավանների և քաղաքների թիվը, որ ես բոլորովին ավերակ և ամայի տեսա իմ գալու ժամանակ՝ ճանապարհորդությանս ամբողջ տարածության վրա։

— Բոլորովին ուղիղ է քո նկատողությունը, սիրելի Սամվել,— ասաց նա դժգոհ մարդու եղանակով։— Մեր զինվորները սաստիկ դանդաղկոտ շարժվեցան, իսկ մեր զորապետները բավական անվարժ էին հայոց երկրի պայմաններին։ Մինչև մեր հասնելը, շատ ավաններ և շատ քաղաքներ միանգամայն դատարկ էինք գտնում մեր առջև։ Այրում էինք և անցնում էինք։ Բնակիչները, լսելով մեր արշավանքի ձայնը, կանխապես թողած էին լինում իրանց բնակությունը և ամրացված էին լինում անմատչելի լեռների բարձրությունների վրա։ Դաշտային տեղերում, տափարակների վրա մենք, իրավ է, մեծ հաջողություն գտանք։ Բայց լեռներում մեր զինվորները բոլորովին անընդունակ հայտնվեցան։

Վերջին խոսքերի միջոցին նա նայեց պարսից Կարեն զորապետի երեսին, որ տհաճությամբ լսում էր.

— Ուրեմն դուք շատ խոր չթափանցեցի՞ք լեռնային կողմերում,— հարցրեց Սամվելը:

— Եվ դժվար էր թափանցել։ Ես չկամեցա արքայից արքայի զորքերը իզուր կոտորել տալ։ Ինձ համար թանկ է յուրաքանչյուր պարսիկ զինվորի մի կաթիլ արյունը։ Հայերը լեռներից՝ կռվում էին մեզ հետ ո՛չ միայն զենքերով, այլև քարերով ու փայտերով։ Եվ կռվում էին ո՛չ միայն տղամարդիկը , այլև կանայքը։ Այս վերջինների կատաղությունը ավելի շփոթեցնում էր մեզ։ Այդ էր պատճառը, որ ես բավականացա ավելի դաշտային երկրներով, և աշխատում էի միշտ խույս տալ լեռներից։

— Այժմ գլխավորապես ո՞ր լեռներում ամրացած են փախստական բնակիչները։

Մերուժանին խիստ հաճելի էր յուր քրոջ որդու հետաքրքրությունը, որի մեջ նկատում է նրա առանձին համակրությունը և ուրախանում էր։ Նա սկսեց մի առ մի տեղեկություն տալ երկրի դրության մասին, թե ո՛րտեղ ինչ էր կատարվել, կամ ո՛ր կողմերում գլխավորապես կենտրոնացած էին հայոց ուժերը։ Նրա խոսքերից երևաց, որ պարսիկները մի քանի տեղերում սաստիկ պար