Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/460

Այս էջը սրբագրված է

էին կրել, և շատ տեղերում ևս մուտք անգամ գործել չէին կարողացել։

— Մենք մեծ հաջողություն գտանք Արարատյան գավառում, և առհասարակ այն կողմերում, որ արքունական կալվածքներ էին,— ասաց նա։

«Որովհետև մնացել էին անտեր... որովհետև ոչ թագավորը կար և ոչ թագուհին...»— յուր մտքում ասաց Սամվելը, և ապա ծիծաղելով նկատեց.

_ Եվ այրեցի՜ք անպաշտպան քաղաքները...

— Պետք էր այրել, սիրելի Սամվել. մի ուրիշ անգամ ես կբացատրեմ քեզ, թե ինչո՛ւ համար պետք էր այրել...

— Հասկանում եմ...— ասաց Սամվելը, և նրա ձայնը զգալի կերպով դողաց...— Այո՛, մենք հետո կխոսենք այդ մասին...

Վահան Մամիկոնյանին շատ հաճելի չէր թվում Մերուժանի այս աստիճան մտերմական խոսակցությունը յուր որդու հետ, և եթե հնար լիներ, մի կերպով կզգուշացներ նրան։ Բայց ի՞նչպես կասկածավոր ցույց տալ յուր որդուն, որի մասին ինքն ևս հաստատ ոչինչ չգիտեր, և տակավին խարխափում էր մթին անստուգությունների մեջ միայն։

Խոսակցությունը ինքնըստինքյան ընդհատվեցավ, երբ սպասավորները ներս մտան, սկսեցին ճաշի սեղանը պատրաստել։

Պարսիկ զորապետը չէ զրկում իրան յուր սովորական բավականությունների և ոչ մեկից՝ մինչև անգամ յուր զինվորական կյանքում։ Նա յուր բացօթյա բանակում գիտե շրջապատել իրան այն բոլոր վայելչություններով, որպես սովոր է ապրել յուր տան մեջ։ Ժուժկալությունը և ռազմական խստակեցությունը անծանոթ են նրան։ Մերուժանը յուր կրթությամբ թեև ճշմարիտ զինվոր և սակավապետ զորավար էր, բայց, հետևելով պարսից սովորություններին, նրանց կեցության միևնույն ձևերը, միևնույն եղանակն էր ընդունել։ Եվ այլ կերպ վարվել կարող չէր, որովհետև նրանց հետ հարաբերություններ ուներ։

Մանկահասակ սպասավորների մի ստվար խումբ շքեղ կերպով հագնված ոտքի վրա ծառայում էին։ Սեղանի բոլոր անոթները ոսկուց էին և արծաթից։ Ո՛րքան հյուրերի ախորժակին բավականություն էին տալիս անուշահամ կերակուրները, ա՛յնքան ավելի նրանց գեղասեր ճաշակին բավականություն էր տալիս սեղանի փայլը, նրա փառավոր հանդերձանքը։ Բոլոր