Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/461

Այս էջը սրբագրված է

նշմարվում էր նրբության և չափազանցության հասցրած շռայլություն։

Հյուրերից յուրաքանչյուրի մոտ կանգնած էր մի-մի ծաղկապսակ պատանի և, մի ձեռքով բռնած գինու արծաթյա խառնարանը, իսկ մյուս ձեռքով՝ արծաթյա թասը, մատռվակում էին անուշահոտ ըմպելին։ Մի խումբ երաժիշտներ, վրանի առջևում կանգնած, ածում էին զանազան նվագարանների վրա և անլռելի ձայնով երգում էին։

Ճաշը տևեց բավական երկար։ Պատանի Արտավազդը կարծես թե ասեղների վրա նստած լիներ, անհամբերությունից սկսեց ձանձրանալ։ Նրան չէին գրավում՝ ո՛չ գուսանների անընդհատ երգերը և ո՛չ նվագարանների քաղցր հնչյունները,— նա բոլորովին ուրիշ ցանկություններ ուներ։ Որսորդության գնալու մասին առաջին անգամ նա խոսք նետեց, որովհետև նրան ամեն համարձակություն ներվում էր։

— Քեռի,— դարձավ նա դեպի Մերուժանը ժպտալով,— բանակը դեռևս քանի օր պետք է այստեղ մնա։

— Երեք օր։

— 0՜հ, դա շատ երկար է, աստված վկա, շատ երկար է...— պատասխանեց նա, գեղեցիկ երեսը անբավականությամբ խոժոռելով։— ինչպե՞ս պետք է անցկացնենք այդ երեք անտանելի օրերը։

— Ինչպես որ քո սիրտը կկամենա,— ասաց Մերուժանը, փայփայելով նրա սիրուն գիսակները։

Պատանին շրթունքները մոտեցրեց Մերուժանի ականջին, փսփսաց.

— Եթե գիտենաս, թե որքա՜ն ժամանակ է, որ ես որսի չեմ գնացել, բոլորովին կզարմանաս։

— Որքա՞ն ժամանակ է, սիրելիս։

— Այն օրից, որ մեր տանից դուրս եմ եկել։

— Դա փոքր ժամանակ չէ, մանավանդ քեզ համար։ Դու կարծեմ որսորդություն սիրում ես, Արտավազդ։

— Սաստիկ։ Երբ մեր տանն էի, եթե շաբաթը մի քանի անգամ որսի չգնայի, ինձ այնպես կթվար, թե մի լավ բան, շա՛տ լավ բան կորցրել եմ։

Մերուժանը սկսեց բարեսրտությամբ խնդալ։

— Երևի, Սամվելն ևս սիրում է,— դարձավ նա դեպի քրոջ որդին։