Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/465

Այս էջը սրբագրված է

միաբանությունը, բաժանվում էին, և նա ազատություն էր գտնում,— այդ միջոցին սկսում էր զբաղվել ներքին երկպառակություններով։ Ամենայն անգթությամբ ոչնչացնում էր յուր մեջ ամփոփված նախարարությունները, որպես հրեշավոր Արաքսը լափում, կլանում էր յուր մեջ սեղմված կղզիները։

Այդ կղզիներից մեկի վրա պետք է լիներ այն օր որսորդությունը, որ կոչվում էր «Իշխանաց կղզի», և որի մեջ Սյունյաց իշխաններից մեկը բաց էր թողել վայրենի անասուններ, և այնտեղ ազատ կերպով աճել, բազմացել էին։

Արեգակը դեռ նոր էր ծագել, երբ ուղի ընկավ որսորդների ասպախումբը։ Զով ու խաղաղ էր առավոտը։ Մինչև անգամ կարմրագույն քամին, որ երբեմն սովորություն ուներ փչել Արաքսի այդ կողմի ափերից, և բերելով յուր հետ նրա եզերքի վրա սփռված կարմրագույն ավագները, գիտեր հաճախ լցնել օդը մի ահռելի, բոսորային մառախուղով,— այդ բոթաբեր քամին անգամ այն առավոտ դադարել էր։ Օրը պարզ էր և գեղեցիկ։

Ճանապարհը մինչև Արաքսի եզրը հասնելը պատած էր ճոխ,

  • իզավետ բուսականությամբ։ Կռիվներից առաջ արածում էին այնտեղ Նախճվանի տիրոջ իշխանական նժույգները։ Իսկ այժմ արածում էին պարսից բանակի գրաստները։ Տեղ-տեղ բարձրանում

էին մերկ, սրածայր բլրակներ, որոնք իրանց հրեշավոր գոյությունը պահպանել էին, կարծես միմիայն նրա համար, որ ցույց տան անցորդներին, թե ի՛նչ անողորմ խաղեր էին խաղացել նրանց հետ վաղեմի ժամանակները։ Դարերի անձրևները ողողել էին այդ բլրակների հողային փափուկ մասը, և թողել էին նրանց կազմության կարծր, քարացած կմախքը միայն, որ ներկայացնում էր այլանդակ պատկերներ։ Ահա՛ այնտեղ երևում է ուղտերի մի ամբողջ քարավան։ Կորաքամակ, ծռավիզ անասունները շարված են միմյանց ետևից և գրեթե կախված են օդի մեջ։ Ահա՛ մյուս կողմում՝ մի քանի աշտարակներ կարգով դրված են միմյանց վրա, բարձրանում են դեպի երկինքը։ Աշտարակների ամբողջ շարքը կանգնած էր բարակ, մաշված պատվանդանի վրա, և մարդ կարծում է, եթե փչելու լինի, բոլորը ցած կթափվի։ Ահա՛ մի փոքր հեռավորության վրա՝ նկարված են օդի մեջ մարդկային սոսկալի ուրվագծեր, կարծես քարացած հսկաների արձաններ լինեն։ Ահա մի գալարված վիշապ, հրեշավոր գլուխը վեր է բարձրացրել, և ահարկու բերանը բաց արած, սպառնում է կլանել անցորդին։ Մի ժամանակ այդ կողմերում բնակեցրած էին Հայաստան գերի բերված