Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/467

Այս էջը սրբագրված է

միջից բարձրանում էին հնձանների կրկնահարի շենքերը։ Շատ անգամ հայոց այգիների հնձանները ապաստան են եղել անմեղ հալածանքների։ Հռիփսիմյան կույսերի խումբը երկար պատսպարված էին Վաղարշապատի այգիների հնձաններում։ Խաղաղության ժամանակներում այդ հնձանների վերին հարկում, սկսյալ գարնան սկզբից՝ մինչև ձմեռնամուտը, բնակվում էին այգետեր ընտանիքները։ Նրանք խնամք էին տանում այգիներին, հավաքում էին պտուղները և, միևնույն ժամանակ, վայելում էին զվարճալի ծառաստանի մաքուր և հովասուն օդը։ Այգիները մի տեսակ ամառանոցներ էին նրանց համար։ Իսկ այժմ ոչ ոք չէր երևում։ Հնձանները մնացել էին դատարկ և այգիները անխնամ։ Պատերազմների աղմուկը ցրեց բոլորին։ Ոմանք փախան, ապաստանեցին Վայոց-ձորի մերձակա լեռներում, ոմանք գերի ընկան թշնամու ձեռքը։

Թշնամին այժմ անցնում էր նույն այգիների միջով, որ ավերակ և ամայի էր դարձրել ինքը։ Այգիները բռնել էին բավական մեծ տարածություն։ Նրանք բաժանված էին միմյանցից կավեղեն ցած պատերով, որոնց ոլոր-մոլոր, ցանցատեսակ փողոցները հորինել էին մի մթին լաբյուրինթոս, ծածկված ծառերի ոստախիտ ստվերի ներքո։ Երկար որսորդների ասպախումբը գնում էր նույն փողոցներով, բայց տակավին բավական ժամանակ էր հարկավոր, մինչև դուրս կգային։ Շատ անգամ հայոց այգիների այդ ահարկու լաբյուրինթոսը կլանել էր թշնամիների ահագին գունդեր։ Բայց Գողթնյաց այգիների ամայի փողոցներից այժմ համարձակ անցնում էր թշնամին։

Սամվելը նայում էր շրջակայքի տխուր տեսարանների վրա, և նրա զգայուն սիրտը խոցվում էր անբուժելի վերքերով։ Բայց նրա հայրը ուրախ էր, ոչինչ չէր զգում և միայն ոգևորված էր այն խորին բավականությամբ, որ մի քանի ծանր տարիների անջատումից հետո առաջին անգամ բախտ ուներ սիրելի որդու հետ մասնակից լինել մի հանդիսավոր որսորդության։

Նրանք դուրս եկան այգիների մթին, ոլորապտույտ նրբանցքներից, և նրանց առջև բացվեցավ մշակված անդաստանների ընդարձակ տարածություն։ Մի քանի շաբաթ առաջ այդ անդաստանները ներկայացնում էին մի սքանչելի ոսկեղեն ծով, ուր ցորյանի հասունացած արտերը՝ իրանց լիառատ բեղմնավորությամբ՝ լցնում էին երկրագործի սիրտը անսահման օրհնությամբ։ Իսկ այժմ անքաղ և անխնամ մնալով, արևի կիզող ճառագայթներից չորացել,