Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/468

Այս էջը սրբագրված է

այրվել էին, և ցամաքած հասկերը ցած էին թափվել անգութ քամուց, որպես մի մեծ կոտորածից։ Կորյակի, կտավահատի դեռ կանաչ, չհասունացած արտերը, անջուր մնալով, ծարավությունից թառամել, թարշամել էին և կպել գետնին։ Չկար արթուն մշակը, չկար հոգատար խնամողը։ Երևում էր միայն արտորայքի սիրահարը՝ ողբաձայն արտույտը, որ օդի մեջ անդադար ճախրում էր միևնույն կետի վրա և փոքրիկ թևիկները թափահարելով, սարսափած կերպով նայում էր դեպի ոչնչացրած հունձը, և որպես մի սգավոր ոգի, երբեմն դեպի ցած էր նետվում, հառաչանքներ էր արձակում, երբեմն դեպի վեր էր սլանում, և դարձյալ օդի մեջ միևնույն կետի վրա ճախրելով, շարունակում էր յուր տխուր, ողբալի երգը։ Երևում էին և թշնամու ջորիների խումբերը, որոնք անպատիժ կերպով ցրիվ էին տալիս հնձած գարիի խուրձերը, և ավելի ոտնակոխ էին անում, քան թե ուտում էին։

Նրանք անցան անդաստանները, անցան մի քանի ավերակ արվարձանների և գյուղերի մոտից։ Այժմ սկսվեցան Արաքսի մերձակայքի կանաչազարղ տափարակները, որ վերջանում էին խիտ մացառներով ու վայրենի ծառաստաններով, երբ ավելի մոտենում էին գետի ափերին։ Տեղ-տեղ ջուրը լճացել էր, տեղ-տեղ գոյացել էին ճահիճներ։ Ձիաների սմբակներից մի այնպիսի խուլ տրոփյուն էր լսվում, կարծես թե գետի տակը դատարկ լիներ։ Երբեմն այնպես էր թվում, որ առաձգական գետինը կա՛մ բարձրանում և կա՛մ ցած էր իջնում ձիաների ծանրության ներքո։ Այդ տեղերում թաքնված էին Արաքսի մթին որոգայթները և նրա ստորերկրյա սոսկալի անդունդները, որ լցված էին բոլորովին թանձր և սև հեղուկով, որի երեսը, սերի նման պնդանալով, կազմել էր այն խաբուսիկ, վտանգավոր ծածկոցը, որի վրայով գնում էին նրանք։ Այդ անհատակ անդունդները սովորություն ունեին՝ երբեմն բաց անել իրանց ահարկու բերանը և, բարտարոսի նման, կլանել անցորդներին։ Այս տեսակ անդունդներից մեկի մեջ, յուր ձիու հետ կորավ հայոց Արտավազդ թագավորը, երբ նա որսորդություն էր անում Արաքսի ափերի մոտ։

Արևը բավական բարձրացել էր, և առավոտյան զով օդը հետզհետե լցվում էր խիստ ախորժելի ջերմությամբ։ Որսորդների ասպախումբը դեռ շարունակում էր հանդարտ և ուրախ ընթացքով առաջ գնալ։

Սամվելը նստած էր մի գեղեցիկ, ոսկեգույն նժույգի վրա, որ այն առավոտ ընծա էր ստացել յուր հորից։ նրա ետևից գնում էր