Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/469

Այս էջը սրբագրված է

պատանի Հուսիկը, որ զինակրի պաշտոն էր կատարում։ Նա կրում էր յուր իշխանի երկար նիզակը, լայնալիճ աղեղը, նետերով լի կապարճը և մի երկար, կաշյա բարակ ճոպան, որ փաթաթած կախ էր տվել յուր ձիու թամբից։ Իսկ ինքը Սամվելը կրում էր մի սուր միայն և մի արծաթյա փոքրիկ փող, որ քարշ էր ընկած նրւս ոսկյա կամարից։

Ծերունի Արբակը կարծես բոլորվին մանկացել էր։ Նա գտնվում էր կատարյալ զինավառության մեջ։ Նա առաջ էր ընկած և նրա ետևից գալիս էին Սամվելի քառասուն զինված ծառաները։ Նրանցից ոմանք ձեռքերի վրա կրում էին որսորդական բազեներ, ոմանք բռնած ունեին անհանգիստ բարակների թոկերի ծայրից, որ կապած էին նրանց երկար պարանոցներին։ Ազատ էին թողած միայն փոքրիկ, սորամուտ սկունդներին և ահագին թավամազ գամփռներին, որոնց որսորդների լեզվով կոչում էին «գայլ խեղդողներ»։ Այս բոլոր պատրաստությունը Սամվելին ընծայել էր հայրը։

Որսորդական հուշարարները, դեռ արևը չծագած, վաղ֊առավոտյան գնացել էին դիտելու, հետազոտելու բոլոր վայրերը, որ տեսնեն, թե ո՛րտեղ ի՛նչ երեներ կան։

Սամվելին ուղեկցում էր հայրը, շրջապատված յուր թիկնապահներով։ Իսկ փոքր-ինչ հեռու, յուր հայտնի սպիտակ նժույգ վրա նստած, գնում էր Մերուժանը, յուր առանձին խմբով։ Նրանց հետ էր և պարսից Կարեն զորապետը՝ յուր մի քանի սպաներով։ Որսորդությանը չմասնակցեց միայն Հայր֊Մարդպետը։ Առջևից գնում էին մի խումբ պարսիկ տղաներ, որոնց թվումն էր և պատանի Արտավազդը։ Այդ մանկահասակ որսորդները իրանց շքեղ զինավառությամբ՝ գրավել էին ամենքի հիացքը։ Բայց բոլորի մեջ ավելի փայլում էր, ավելի աչքի էր ընկնում պատանի Արտավազդը։ Ոգելից մանուկի ուրախությունը չափ չուներ։ Յուր աշխույժ նժույգի հետ ներկայացնում էր նա մի մարմնացած զվարճություն։ Ձախ կողմից կապած ուներ ուսին՝ նետերով լի արծաթյա կապարճը, իսկ աջ կողմից՝ ձգած ուներ լայնալիճ աղեղը, որ նրա համար բավական մեծ էր։ Ձեռքում կրում էր մի թեթև նիզակ, իսկ գոտիից քարշ էր ընկած երկսայրի սուրը՝ արծաթապատ պատյանով։

Սամվելը ընկղմված էր լուռ մտախոհությունների մեջ։ Երբեմն միայն հարևանցի կերպով նայում էր յուր շուրջը, նայում էր դպի հեռուն, շատ հեռուն և, կարծես, աշխատում էր միանգամից