Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/470

Այս էջը սրբագրված է

ծանոթանալ բոլոր տեղորայքի հետ։ Նրա վշտահար դեմքը, որպես միշտ, չէր ցույց տալիս ոչ մի բավականություն, թեև կցանկանար գոնե փոքր-ինչ ուրախ ձևանալ։ Իսկ յուր տխրության մեջ անգամ սքանչելի էր նա։ Ուրախ էր միայն նրա ամեհի նժույգը, որ անդադար ոստոստում էր և ահագին թռիչքներ էր գործում։ Բայց նա վարժ ձեռքով այնպես հեշտությամբ դարձնում էր խստերախ երիվարի սանձը, կարծես մի հեզ գառնուկ լիներ։ Հայրը նայում էր նրա վրա և հիանում էր։ Նա սաստիկ փափագում էր, որ որդին բաժանվեր խմբից և մի թեթև ձիախաղ կատարեր այն հարթ տափարակի վրա, որ կանաչ թավիշի նման տարածված էր նրանց առջև։ Նա մինչև անգամ ակնարկեց որդուն, բայց Սամվելը հրաժարվեցավ, ասելով.

— Անհարմար է, հայր, որոհվետև այդ գեղեցիկ նժույգը, որ այսօր ընծայեցիր ինձ, տակավին վարժված չէ իմ ձևերին, և ոչ ես ծանոթ եմ նրա բնավորության հետ։ Կարող ենք չհասկանալ միմյանց:

— Ոչ, ընդհակառակն,— պատասխանեց հայրը ժպտալով,— նա ո՛րքան դյուրագրգիռ է, ո՛րքան համառ է, այնքան և խելացի է։ Նրան կարելի է մոմի նման դեպի ամեն կողմ շուռ տալ։ Դա Շապուհ արքայից արքայի ախոռատան ամենաընտիր նժույգներիցն է, որ ընծա էր ստացել Համավերանի իշխանից։ Երբ վերջին անգամ ներկայացա արքայից արքային իմ խոնարհ հրաժեշտը տալու, նա պարգևեց ինձ այդ նժույգը, ասելով. «Գնա՛, Մամիկոնյան տե՛ր, պայծառ Արամազդի օգնությանն եմ հանձնում քեզ, գնա՛ և այդ նժույգով կատարիր քո արշավանքը Հայաստանում, նա անպատճառ բարեբեր ու բարեհաջող ազդեցություն կունենա քո ձեռնարկությունների վրա»։ Վերջին խոսքերի միջոցին՝ հայրը ձեռքը մեկնեց դեպի Սամվելի նժույգի ճակատը, հարցնելով.

— Դու դեռ չե՞ս նկատել այդ սպիտակ աստղը նրա ճակատին։ — Նա ցույց տվեց բոլորակ խալը, որ, ճերմակ աստղի նման, բնությունը նկարել էր նժույգի ճակատի մեջտեղում։

— Առաջին անգամն եմ տեսնում,— ասաց Սամվելը։

— Դա հաջողության նշան է,— կրկնեց հայրը։

— Չգիտեմ՝ որքան այդ աստղը կառաջնորդի ինձ դեպի հաջողություն...— ասաց Սամվելը երկդիմի ժպիտով։ — Բայց կարծեմ, մենք ճահիճների մոտով ենք գնում։ Այդ կողմերում թաղթաղուկ տեղեր շատ կան։ Կարող է պատահել, որ Շապուհ արքայի