Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/473

Այս էջը սրբագրված է

մացառներ, որ կանաչ ժապավենի նման զարդարում էին նրա գեղեցիկ եզերքը։ Ջուրը նույնպես կարմիրգույն էր ստացել։ Գետը, անցնելով կարմրագույն լեռների միջով և յուր ընթացքում քերելով նրանց կուրծքը, ստացել էր և նրանց գույնը։

Այդ կողմերում Արաքսի խաղաղ և լուռ ընթացքը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե ջուրը կանգնած լիներ։ Գետի մեջտեղում, գեղեցիկ օազիսի նման, երևում էր «Իշխանտց կղզին», որի վրա պետք է կատարվեր այնօրվա որսորդությունը։

Կղզին գետի ձախ կողմից ավելի մոտ էր ցամաքին, որից բաժանված էր բավական անձուկ նեղուցով։ Որսորդության ժամանակ գնում էին նեղուցի վրա տախտակյա շարժական կամուրջ և անցնում էին, իսկ մյուս ժամանակներում վեր էին առնում կամուրջը։ Այն օր դրած էր։ Նրա մի ծայրը՝ ցամաքի կողմից՝ հենված էր ամուր ապառաժի վրա, իոկ մյուս ծայրը՝ կղզու կողմից՝ դրած էր արհեստական թումբի վրա։ Կամուրջի տակից սրընթաց կերպով վազում էր ջուրը, որ բավական խորություն ուներ։ Կամուրջը այնքան նեղ էր և երկար, որ ամեն անգամ մի ձիավոր միայն կարող էր անցնել։ Այդ էր պատճառը, որ բավական ժամանակ տևեց, մինչև ամենքը անցան։

Դեռ վաղ-առավոտյան, կղզու մեջ, գեղեցիկ՝ կանաչ տափարակի վրա, կազմել էին մի քանի վրաններ՝ որսորդների հանգստանալու համար։ Այնտեղ Մերուժանի խոհարարները կրակ էին վառել և նախաճաշիկի պատրաստություն էին տեսնում։ ճաշը պետք է պատրաստվեր հետո, որսի մսից։

Երբ հասան վրաններին, ամենքը ձիերից ցած իջան, որ փոքր-ինչ հանգստանան, մի բան ուտեն և ապա սկսեն որսորդությունը։ Պատանի Արտավազդը չսպասեց մինչև նախաճաշիկը տային, իսկույն առեց մի կտոր հաց ու պանիր և, ձեռքում ուտելով, վազեց կղզու մեջ պտտելու։ Սամվելը մնաց հոր մոտ։ Ծերունի Արբակը՝ Աամվելի ծառաների հետ՝ նստեցին վրանների մոտ, խոտերի վրա։ Իսկ Մերուժանը պարսից Կարեն զորապետի ձեռքից բռնած ճեմում էին վրանների առջևում և ինչ-որ հարցի մասին ջերմ կերպով խոսում էին։

Կղզին բավական ընդարձակ էր և ձվաձև։ Գետի ընթացքի երկարությամբ՝ սեղմվել էր նրա երկու բաժանված ճյուղերի մեջ։ Այնտեղ բնակություններ չկային։ Երևում էին մի քանի փոքրիկ տաղավարներ միայն, որ այժմ դատարկ էին, և որոնց մեջ բնակվում էին առաջ կղզու պահապանները։