Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/474

Այս էջը սրբագրված է

Գեղեցի՜կ էր կախարդական կղզին՝ քար վայրենի չքնաղության մեջ։ Որքա՜ն սեր, որքա՛ն արտասուք թափվել էր այնտեղ։ Գալիս էր երբեմն Սյունյաց իշխանը, յուր հետ բերելով յուր հարճերի և յուր նվագածուների բազմությունը։ Նվագարանները հնչում էին, հարճերը պարում էին, գինին զեղվում էր արծաթյա մեծ գավաթներով, և ամբողջ գիշերներ լուսանում էին ուրախ, անհոգ, աղմկալի խրախության մեջ։ Արաքսի ամոթխած հավերժահարս սունքն անգամ նախանձում էին, տեսնելով, թե ո՛րպես անսպառ կերպով վայելել գիտե մարդը՝ կնոջ սերը և նրա գեղեցկությունը։

Այո՛, գեղեցի՛կ էր կախարդական կղզին։ Բարձր, ուղղաձիգ եղեգնաբույսերը, իրանց ճերմակ, փնջաձև կատարներով, ծածանվում էին զեփյուռի մեղմ շունչից, արձակելով մի խորհրդավոր սոսափյուն, որ նման էր սիրաբորբոք հեշտախտության։ Ուշիմ եղջերուն, երկար ու ճապուկ պարանոցը մեկնած, մի առանձին ախորժակով քաղում էր եղեգների թարմ տերևները։ Նա իսկույն անհայտացավ, երբ լսեց կասկածավոր այցելուների ոտնաձայնը։ Իսկ այնտեղ, շամբուտների խոնավ մթության մեջ, թավալվում էր ամեհի վարազը և յուր սառն, տղմային անկողնում գոռոզաբար արհամարհում էր արևի կիզող ճառագայթների ներգործությունը։ Երկչոտ նապաստակը, երբեմն կանգ առնելով, երբեմն յուր շուրջը նայելով, շտապով վազվզում էր խոտերի մետաքսային փափկության միջով։ Իսկ վրդովված այծյամը մամռապատ ժայռի գլխից դեռ շփոթված կերպով դիտում էր, ստուգելու, արդյոք ո՛վքեր են նորեկ հյուրերը։

Հարուստ բուսականությունը՝ հիացման չափ ճոխ էր և շռայլ։ Թարմ, հյութալի կանաչազարդության միջից իրանց փայլուն դլխիկներով վառվում էին ջրածաղկի զանազան տեսակները, որոնք ուրիշ տեղերում՝ միայն ճահիճների պչրանքն են ներկայացնում: Տեղ-տեղ բարակ ծղոտներով և երկար, թրաձև տերևներով՝ բարձրացել էր վայրենի շուշանը, որ յուր նուրբ անուշահոտությամբ լցրել էր օղը խիստ ախորժելի բուրմունքով։ Տեղ-տեղ քյաֆուր վարդը բաց էր արել յուր շքեղ ծաղիկը, որ ժպտում էր թավիշյա ծիրանագույն թերթիկներով։ Զանազան կողմերում՝ թուփերը, մացառները այն աստիճան աճել էին, որ մի փոքր հեռավորության վրա՝ մարդ յուր ընկերին տեսնել չէր կարողանում։ Ձիաներով անհնար էր շրջել այնտեղ, որովհետև ամեն քայլում մացառների խիտ հյուսվածքը ծածկում էր հազիվ նշմարվող շավիղները։ Ավելի հեշտ էր ոտով։ Երբ վերջացրին նախաճաշիկը, յուրաքանչյուրը առեց յուր