Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/475

Այս էջը սրբագրված է

զենքերը, և պատրաստվեցան սկսելու որսորդությունը։ Արթուն հուշարարները՝ խուզարկու շների հետ՝ վաղուց արդեն ներս էին մտել մացառների մեջ և սուրալով խարխափում էին, որ դուրս վանեն անասուններին։

Երբ ճանապարհ ընկան, որսորդները բաժանվեցան մի քանի փոքրիկ խմբերի և տարածվեցան դեպի կղզու զանազան կողմերը։ Պատանի Արտավազդը միացավ Մերումանի խմբի հետ, իսկ Սամվելը յուր հոր խմբի հետ։ Վերջինների թվում էր և պարսից Կարեն զորապետը։ Ծերունի Արբակը, Սամվելի ծառաների հետ, հետևում էր նրանց։ Պարսից միացյալ սպաները առանձին խմբեր կազմեցին և բաժանվեցան մյուսներից։

Աամվելը, երկար, հաստաբուն նիզակը ձեոին, լուռ առաջ էր գնում։ Նրա մույգ դեմքը սովորաբար պղնձի գույն էր ստանում, երբ գտնվում էր հոգեկան սաստիկ ալեկոծության մեջ։ Այդպես էր այժմ նրա դեմքը։ Այդպես լինում էր նա կռվի ջերմ փոթորկի ժամանակ, այդպես լինում էր նա և որսորդության զվարճալի հրապույրների ժամանակ։ Բայց դրանցից և ոչ մեկը չէր, որ նույն րոպեներում բորբոքում էր, վրդովեցնում էր երիտասարդական սիրտը։ Նրան խռովության մեջ էին դրել բոլորովին այլ մտատանջություններ.․․

— Աամվե՛լ,— նկատեց նրան հայրը մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր ծնողական սրտի բոլոր գորովը, բոլոր ջերմությունը,— զգուշացի՛ր, երբ վարազների կհանդիպես։ Այստեղի վարազները սաստիկ կատաղի են։

— Կցանկանայի, հայր, վագրների հանդիպել, առյուծների հանդիպել,— պատասխանեց Աամվելը թախծալի ձայնով։— Բայց, ափսո՜ս, որ այստեղ ո՛չ վագրներ կպատահեն և ո՛չ առյուծներ։ Կցանկանայի գոնե Արաքսի սոսկալի նհանգներից մեկը՝ հրեշավոր գլուխը ջրերից վեր բարձրացներ և յուր բոլոր կատաղությամբ հարձակվեր իմ վրա...

Աամվելը պարծենկոտ չէր։ Այդ գիտեր հայրը։ Ուրեմն ի՞նչը առիթ տվեց նրան այս տեսակ ցնորքների մեջ ընկնել։ Նախաճաշիկի ժամանակ նա շատ փոքր խմեց։ Այդ տեսավ հայրը։ Ուրեմն գինին ևս չէր կարող գրգռել նրա երևակայությունը։ Այսուամենայնիվ հայրը հարցրեց.

— Երևի նրա համար են այդ գեղեցիկ ցանկությունները, Սամվել, որ ցույց տաս քո քաջությունը։ Բայց քո քաջությունը, անտարակույս, այս տեսակ ապացույցների կարոտ չէ։