Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/476

Այս էջը սրբագրված է

— Ոչ, հայր, դրա համար չէ։ Ես հեռու եմ ամեն փառասիրությունից։ Միայն կցանկանայի կռվել.․․ ի մա՜հ կռվել...

Հայրը սկսեց տխրել։ «Նա ցանկանում էր մահվան համար կռվել...»։ «Ի՞նչը ձանձրացրել էր սիրելի որդու լուսապայծառ, ծաղկափթիթ կյանքը. ..»։ Այս մտքերը սկսեցին սարսափեցնել նրան:

Հոր և որդու խոսակցությունը ընդհատեց հուշարարներից մեկի փողի ձայնը։ Սամվելը վազեց դեպի այն կողմը, որտեղից լսվեցավ ձայնը։ Նրան հետևեցին պատանի Հուսիկը, որ զինակրի պաշտոն էր կատարում, և յուր ծառաներից մի քանիսը։

Հայտնվողը Սամվելի փափագած որսերից և ոչ մեկը չէր։ Ուռենիների թավուտներից դուրս հարձակվեցավ մի ահագին եղջերու, ծանր, բազմաճյուղ եղջյուրներով։ Անփույթ կերպով նայեց յուր շուրջը և, եղջյուրները դեպի քամակը դարձնելով, փորձում էր փախչել, բայց իսկույն շները շրջապատեցին նրան։ Նրանցից ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ։ Սուր եղջյուրները ո՛չ միայն վահանի գործ էին կատարում, այլև աշտեի։ Դեպի ո՛ր կողմը և դառնում էր նա, շները խմբով փախչում էին նրա առջևից։ Սամվելը վրա հասավ։ Եղջերուն կատաղի կերպով հարձակում գործեց և անշուշտ սուր եղջյուրներով կթափեր յուր համարձակ ախոյանի փորը, եթե երիտասարդի նիզակը շեշտակի կերպով չմխվեր նրա աջ ուսի մեջ։ Նիզակը խոցեց միայն, բայց մահվան չափ ազդել չկարողացավ։ Շները դարձյալ շրջապատեցին նրան։ Սամվելը կրկնեց նիզակի զարկը։ Այս անգամ դիպավ ազդրին։ Եղջերուն, ո՛չ թե ստացած հարվածների երկյուղից, այլ ավելի խրտչելով անակնկալ դեպքից, պատառեց շների շղթան և սկսեց փախչել։ Ծառաներից ոչ մեկը չկարողացավ նրա առաջը առներ Սամվելը հետամուտ եղավ։ Զարմանալի էր սրարշավ անասունի փախուստը։ Սայց նրանից ոչ սակավ արագավազ էր և Սամվելը։ Վազելու սովորած էր նա սկսյալ մանկությունից, որ նրա կրթության գլխավոր հրահանգներից մեկն էր եղած։ Հայրը, յուր ուղեկիցների հետ կանգնած, անհամբերությամբ նայում էր, որ տեսնե, թե ինչպես կվերջացնե որդին յուր որսի հետ։ Այդ միջոցին եղջերվի երկար, ճապուկ ոտները հազիվ-հազ դիպչում էին գետնին, և յուր վազելու սաստկության ժամանակ՝ ահագին թռիչքներ էր գործում։ Սամվելը ետևից անդադար նետեր էր արձակում։ Նետերը թեև դիպչում էին, բայց փետուրյա գրիչների նման, ցցված մնում էին նրա մարմնի վրա։ Վիրավոր անասունը շարունակում էր փախչել, յուր շավղի վրա թողնելով հոսվող արյան կարմիր հետքերը։ Ոչ սակավ զայրացած էին Սամվելի