Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/477

Այս էջը սրբագրված է

ծառաները։ Նրանք շների հետ վազեցին դեպի զանազան կողմեր, և ամեն կողմից կտրելով համառ անասունի ճանապարհը, աշխատում էին պահել նրա առաջը, որպեսզի, միգուցե հասներ կղզու ափին, և նետվելով գետի մեջ, լողալով անցներ մյուս կողմը, Սամվելի ետևից վազում էր միայն նրա զինակիրը՝ պատանի Հուսիկը։

— Տո՛ւր ինձ արկանը,— դարձավ նա դեպի պատանին,— եթե ոչ, այդ անիրավը բոլորովին կհոգնեցնե ինձ։

Պատանին տվեց նրան կաշյա երկար պարանը։ Սամվելը արկանի մի ծայրը փաթաթեց ձախ թևքին, իսկ մնացած մասը, կաժի ձևով հավաքելով աջ ձեռքում, յուր որսի սաստիկ փախչելու միջոցին՝ ձգեց դեպի նրա գլուխը։ Արկանը փաթաթվեցավ բազմաճյուղ եղջյուրներին և անցավ նրա պարանոցով։ Այժմ ուժ էր հարկավոր պահելու կատաղի անասունին, եթե ոչ, նա յուր ետևից քարշ կտար հանդուգն արկանարկուին։ Բայց Սամվելի բազուկների մեջ նրան զսպելու չափ զորություն կար։ Նա յուր արկանով այնպես կաշկանդեց ուժեղ անասունին, որպես ճանճը կաշկանդվում է սարդի ոստայնի մեջ։ Այդ միջոցին վրա հասավ պատանի Հուսիկը և, նիզակը ուղղելով, կամենում էր խրել նրա կողքի մեջ։ Սամվելը արգելեց, ասելով.

— Թող տո՛ւր, ես դրան պետք է կենդանի տանեմ հորս մոտ։

Հայրը տեսավ և նրա սիրտը լցվեցավ անսպառ ուրախությամբ։ Նրա մոտ կանգնած էր պարսից Կարեն զորապետը։

— Ինչպե՞ս երևաց քեզ,— դարձավ նա դեպի զորապետը։

— Սքանչելի՜ է, պայծառ Արամազդը վկա, սքանչելի՛ է,— բացականչեց ապշած պարսիկը։ — Գիտե՞ս, իշխան, եղջերվի որսը ավելի դժվար է, քան թե առյուծի կամ վագրի որսը, որովհետև, եղջերուն արագավազ ոտներ ունի և փախչում է, բայց առյուծը կամ վագրը ամոթ են համարում փախչելը, նրանք կռվում են։ Իսկ կռվողի հետ հեշտ է կռվել, կա՛մ հաղթեր, կա՛մ հաղթվել։

Սամվելը, յուր որսը ետևից քարշ տալով, մոտեցավ հորը։

— Ես իմ բաժինը վերջացրի,— ասաց նա քրտինքը սրբելով,— մեր ճաշի համար այժմ բավական խորովածացու միս ունենք։

— Միթե չե՞ս կամենում շարունակել,— հարցրեց հայրը։

— Կցանկանայի մի փոքր հանգստանալ. այդ անիրավը բավական հոգնեցրեց ինձ։ — Նա ձեռքը տարավ դեպի եղջերուն։

Ծաոաները մոտեցան, տարան որսը։ Սամվելը հոր հետ դիմեց դեպի վրանների կողմը։ Հուսիկը չբաժանվեցավ յուր իշխանից։