Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/480

Այս էջը սրբագրված է

Մերուժանը հրամայեր չմիջամտել։ Պատանին դարձավ դեպի ծերունի Արբակը, խնդրելով.

— Տո՛ւր ինձ քո ձին, սիրելի Արբակ, իմը խրտչում է, վստահությամբ չէ մոտենում։ Իսկ քո պառավ ձին քեզ նման ծեր է և փորձառու, այդ պատճառով խրտչելու թուլություն չունի։

Ծերունին ցած իջավ ձիուց մրթմրթալով.

— Քո լեզուն եթե չլիներ, գլուխդ ագռավները կտանեին։

Պատանին ուշադրություն չդարձրեց Արբակի կծու հեգնությանը, մի ակնթարթում թռավ նրա ձիու վրա, իսկ յուր ձին տվեց նրան։ Այդ միջոցին վարազը, երկաթյա գառագզի մեջ ընկած գազանի նման, կռնչալով, լայն ականջները թափ տալով, վազվզում էր, որ մի ելք գտնե փախչելու, բայց ամեն կողմից հանդիպում էր պարսիկ պատանիների սաստիկ ընդդիմադրությանը։ Արտավազդը միայնակ հետամուտ էր լինում։ Իսկ նա, որպես մի խուլ ահավորություն, երբեմն ետ էր դառնում, և յուր բութ, մի զույգ սպիտակ ժանիքներով զինված կնճիթը, ուղղելով դեպի նրա ձին, հարձակում էր գործում, բայց Արտավազդը նիզակի սաստիկ հարվածներով գանակոծում էր նրան։ Նա բարկացավ, երբ նկատեց, որ հարվածները լավ չէին ներգործում, և ավելի զայրացավ, երբ լսեց, որ պարսիկ պատանիները արդեն սկսել էին ծիծաղել նրա վրա։

— Սիրելի Արբակ,— դարձավ նա դեպի ծերունին մի նոր խնդիրքով,— աղաչում եմ, շտապի՛ր, տո՛ւր ինձ քո նիզակը, իմը շատ թեթև է ու բարակ, վախենում եմ, որ կոտրվի։

— Կտամ սիրելի Արտավազդ,— ասաց ծերունին, բարեսրտաբար խնդալով,— կտամ իմ նիզակը, բայց բազուկներս քեզ տալ չեմ կարող։

Մերուժանը բացատրեց ծերունու խուլ հեգնությունը.

— Արբակի ծանր նիզակը շարժելու համար պետք է Արբակի ամուր բազուկները ունենալ, Արտավազդ։

— Ախար ես էլ փոքրիկ գազաններից չեմ,— պատասխանեց Արտավազդը մի առանձին ինքնավստահությամբ նայելով Մերուժանի երեսին։

Պատանու պարծենկոտությունը այս անգամ խորին ուրախություն պատճառեց Արբակին, և նա մեծ հոժարությամբ փոխեց նրա հետ յուր նիզակը։

Նիզակը, արդարև, Արտավազդի համար բավական մեծ էր և ծանր, բայց նա այն տեսակ նիզակներ, մանավանդ ձիու վրա, գործածելու ճարտարությունից զուրկ չէր։ նա միացրեց յուր դեռահաս