Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/482

Այս էջը սրբագրված է

յուր խորին ուրախությունը, որ, վերջապես, պիտի կարողանան ազատվել Արշակունիների անտանելի լուծից, և Հայաստանը Մերուժանի հզոր գավազանի ներքո՝ թե՛ խաղաղություն և թե՛ բախտավորություն պիտի վայելե։ Որդին լռությամբ լսում էր, և հոր խոսքերը թունավոր նետերի նման ծակոտում էին նրա վշտացած սիրտը։

Հետո սկսեց պատմել յուր դիտավորությունները որդու վերաբերությամբ։ Մի առանձին ուրախությամբ հայտնում էր, թե Շապուհ արքան շատ անգամ լսել է նրա մասին, գիտե նրա քաշությունները, և Տիզբոնի արքունիքում արդեն ծանոթ է նրա անունը։ Այժմ մնում է միայն, որ որդին ներկայանա արյաց արքայից արքային, և նա անպատճառ նրան Պարսկաստանում գտնված հայկական հեծելազորի հրամանատար կկարգե։ Այդ առիթով որդին կմերձենա թե՛ պարսից Դրանը և թե՛ առհասարակ արքունիքին։ Այնուհետև նրա գեղեցկությունը, շնորհքը և բարեկրթությունը՝ բավական մեծ երաշխավորություն են ներկայացնում, որ արյաց արքայից արքան յուր դուստրներից մեկը նրան կնության կտա, ա՛յն բազմահարուստ օժիտով, որ ստանում է յուրաքանչյուր ոք, որ բախտ է ունենում արյաց արքայական գերդաստանի փեսան լինելու և այլն։

Սամվելը համարյա թե չէր լսում։ Նա ուշադրությամբ լսեց հոր պատմածների սկիզբը միայն, իսկ թե ի՞նչ կլիներ վերջավորությունը,— այդ կարող էր, և ինքը եզրակացնել։ Գլուխը խոնարհեցրած, ամենևին չէր նայում հոր երեսին, և վշտալի աչքերը մեքենաբար հառած էին դեպի մի հաստ, կիսափուտ գերանի կտոր, որ ալիքները դուրս էին նետել ավազների վրա։ Իսկ երբեմն նրա ուշադրությունը գրավում էր մի օտարոտի խշրտոց, որ մերթ ընդ մերթ լսելի էր լինում մերձակա թուփերի միջից։ Հայրը նկատեց այդ և, կամենալով նրա ուշադրությունը դեպի ինքը գրավել, հանգստացրեց, ասելով.

— Այնտեղ, երևի, որսորդներից փախած երեներ են շարժվում։

— Ոչ, քամին է շարժում թուփերը,— անփույթ կերպով ասաց Սամվելը և շարունակեց նայել գերանի կտորի վրա։

Երբեմն ամենաանմեղ առարկաներն անգամ մարդու մեջ բավական զբաղեցնող մտքեր են հարուցանում։ Գերանի կտորի վրա նայելով, Սամվելը այս էր մտածում. «Եթե այդ հաստ, փտությունից թեթևացած ծառաբունը գլորես ջրի մեջ, արդյոք կարո՞ղ է նա