Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/483

Այս էջը սրբագրված է

ի փոքրիկ մակույկի ծառայություն մատուցանել... արդյոք կարելի է Նրանով անցնել դեպի մյուս ափի վրա...»։

Բայց քամին, իրավ, շարժում էր մերձակա թուփերը։ Եղանակը, որ առավոտյան այնքան խաղաղ էր, այնքան գեղեցիկ էր, ընդակառակն, կեսօրից հետո սկսեց փոքր առ փոքր մռայլվիլ։ Սովորական քամին բարձրացավ, և պարզ օդը հետզհետե լցվեցավ նուրբ, կարմրագույն փոշիով։ Այդ քսամնելի երևույթը, մանավանդ տեղային հանգամանքներին անծանոթ մարդու վրա, խիստ տխուր ահարկու տպավորություն է գործում։ Հանկարծ պայծառ հորիզոնը ներկվում է բոսորային գույնով, և նրան այնպես է թվում, որ երկնքից մանր, փոշետեսակ արյան անձրև է տեղում։ Բայց Սամվելին ձգեց նա մի առանձին մելամաղձության մեջ, որ արտահայտություն էր նրա նույնպես խռովյալ սրտի։

— Զարմանալի՜ հատկություններ ունի Արաքսը,— ասաց նա, ինքն յուր հետ խոսելով.— զարմանալի՜ բնավորություն ունեն և նրա խորհրդավոր շրջակայքը։ Պարզ, լուսապայծառ առավոտին հաջորդում է տխուր, վհատական երեկո՝ յուր կարմրագույն մռայքով, իսկ ուրախ, անհոգ զվարճությանը՝ խիստ սրտամաշ թախծություն... Տխո՜ւր է, տխո՜ւր... Ես կարծում էի, թե կարող եմ փոքր-ինչ ուրախ լինել, փոքր-ինչ մոռանալ ինձ..․ Բայց իզո՜ւր․․. Երանի՜ թե չար լինեի..․ երանի՜ թե եղեռնագործ լինեի... Գուցե ինձ ևս վիճակվեր նույն օրհասը, որ վիճակվեցավ բարի Արտաշեսի չար որդուն... Նա կորավ որսորդության միջոցում, նա յուր ձիու հետ խորասույզ եղավ Արաքսի մերձակա անդունդների մեջ... Գետինը կարողացավ տանել չար արքայազնին, որ չարությամբ պիտի լցներ Հայոց երկիրը... Գետինը բաց արավ յուր ահարկու բերանը և կլանեց նրան...

Հայրը սարսափով լսում էր։

— Ինչո՞ւ հիշեցիր այդ տխուր անցքը,— հարցրեց նա, դողդոջուն ձեռքով բռնելով որդու աջը։

— Չգիտեմ ինչո՛ւ... երևի նրա համար, որ շատ հեռու չենք այն եղերական վայրերից, ուր պատահեց այդ անցքը։ Թշվառ չարագործը կորավ, անհետացավ Արաքսի անդունդների մեջ, բայց հանգստանալ չկարողացավ... Մասիսի քաջքերը տարան, շղթայեցին նրան մի մթին այրի մեջ, ուր մինչև այսօր տանջվում է նա...

— Սամվե՜լ,— գոչեց հայրը շփոթված ձայնով։— Ի՞նչ պատահեց քեզ հետ, ի՞նչը ձգեց քեզ այդ մթին ցնորքների մեջ։ Դու մահ ես ցանկանում, քեզ համար անտանելի է դարձել կյանքը այն հասակում