Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/484

Այս էջը սրբագրված է

սակում, երբ դեռ նոր է սկսվում քո երջանկության ծաղկափթիթ գարունքը։ Ի՞նչ է պակաս քեզ։ Քո հայրը պատրաստ է ծնողական բոլոր սիրով ամեն ինչ լցուցանել։ Լսիր, Սամվել, դու չես հասկանում քո անսահման բախտավորությունը, որի մեջն ես, և որր յուր լիառատ բարություններով դեռևս սպասում է քեզ։ Հազարավոր իշխանազն երիտասարդներ պիտի նախանձվին քո փառքին, հազարավոր իշխանազն օրիորդներ պիտի փափագեն քո ամուսինը լինելու։ Բայց դու կընտրես քեզ չքնաղներից չքնաղագույնը՝ արյաց արքայից արքայի աննման դուստրը

— Դրանցից և ո՛չ մեկը չէ կարող բուժել այն վերքերը, որ դրած են իմ սրտում, հայր, դրանցից և ո՛չ մեկը չէ կարող վանել այն վշտերը, որ օր ու գիշեր տանջում են ինձ։ Կյանքը, իրավ, անտանելի է դարձել ինձ, հայր, և մահը շատ ցանկալի կլիներ ինձ, եթե գիտենայի, որ մահից հետո մի այլ կյանք չկա։ Բայց մարդիկ իրանց վշտերը՝ իրանց հետ գերեզման են տանում։ Դա ավելի անտանելի է, քան հավիտենական տանջանքը դժոխքի խորքում…

Վերջին խոսքերի միջոցին նա յուր գունաթափ դեմքը դարձրեց դեպի հայրը և շարունակեց մի այնպիսի ձայնով, որ արտահայտում էր նրա հուզված սրտի խորին ալեկոծությունը. — Հայր, այստեղ մենք միայնակ ենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսի, թույլ տո՛ւր ինձ խոստովանել քեզ իմ բոլոր ցավերը, իմ բոլոր տանջանքները։

— Խոսի՛ր, զավակս, բա՛ց արա հոր առջև լցված սիրտդ, ի՞նչն է այսպես տանջում քեզ։ Այն օրից, ոթ եկել ես դու, ես միշտ նկատում եմ քո մեջ մի տեսակ հոգեկան անհանգստություն, մի տեսակ բարոյական վրդովմունք։ Մի' թաքցրու ցավերդ, և հավատացած եղիր, որ հայրդ այնքան անչափ սեր ունի դեպի քեզ, որ կարող է քո կարիքներին կարեկից լինել և քո ցավերին՝ ցավակից։

-Ինչպե՞ս չցավել, Հայը ինչպե՞ս չվշտանալ, հայր։ Մի սիրտ, որ քարից լիներ կազմված, մի հոգի, որի մեջ մեռած լինեին ամեն մարդկային զգացմունքներ, դարձյալ չէր կարող անզգա մնալ տեսնելով ա՛յն, ինչ որ ես տեսա և ինչ որ տակավին տեսնելու դժբախտությունը պիտի ունենամ։ Այն օրից, որ դուրս եկա մեր ամրոցից, այն օրից, որ թողի Տարոնը, մինչև այստեղ հասնելս ես անցա մի շարք ավերակների, մի շարք բարբարոսությունների միջով։ Տեսա մոխիր դարձած քաղաքներ, տեսա անմարդացած գյուղեր, տեսա կործանված վանքեր ու տաճարներ... Ամեն քայլում ես ոտք էի կոխում արյան վրա, և իմ հայրենակիցների

           484